Կինոդրամատուրգ՝ Լևոն Գալստյանը գրում է.

««5» հեռուստաալիքով դիտեցի երիտասարդ կինոպրոդյուսեր Օֆեյլա Հարությունյանի «Խենթ, ոչ թե խելագար» վավերագրական-խաղարկային ֆիլմը` մարդասպանների մասին պատմող լարված ու էկրանին գամող պատմությունը: Դիտելուց հետո հասկացա, որ այն իրականում նաև մե’ր` մարդ չսպանածներիս մասին է: Հասկացա, որ մարդասպանը նա չէ, ով սպանել է, այլ նա, ով կարո’ղ է սպանել: Իսկ սպանել կարող են բոլո’րը:

Դորոթին խնդիր չի դրել քանդելու իրավունքի, գիտության, բարոյականության, հավատքի խճճված հանգույցը, բայց արդյունքում կամա թե ակամա հենց այդպես էլ վարվում է: Հերթով փլուզվում են ընդունված կաղապարներն ու կարծրատիպերը, և տեսնում ենք իրերի իրական դեմքը, երբ մեղքի ու պատասխանատվության  չափանիշերը վերաիմաստավորվում են:

Դատահոգեբույժը հետազոտում է հիմնականում բազմակի մարդասպանության դեպքերը, երբ սպանելու ցանկությունն իրադարձությունից վերածվում է գոյակերպի: Համառ ու սկզբունքային մասնագետի խնդիրը մեկն է. գիտականորեն ապացուցել, որ բազմակի կամ որևէ մեկ սահմռկեցուցիչ սպանության կամ մղումը գալիս է մանկության շրջանում ստացած հոգեկան վնասվածքներից`  բռնություն և բռնաբարություն,  վայրագ խոշտանգումներ և այլն: Այլ կերպ ասած` ո՞վ է սպանելուց բավարարության զգացում ապրող մարդը։ Խե՞նթ, թե՞ խելագար: Անմեղսունակ հիվա՞նդ, թե՞ չարամիտ հանցագործ:

Հետազոտության ընթացքում Դորոթին ապրում է նույնականացման զգացում իր հիվանդներից մեկի հետ: Սա ֆիլմի ցնցող դրվագներից է: Խղճահարության զգացումը հիվանդի հանդեպ վերածվում է ինքնախղճահարության, յուրատեսակ ծածուկ խոստովանություն, ինչն արդեն դուրս է մղվում գիտելիքի սահմաններից և մտնում հոգևոր ապաշխարանքի տարածք: Ավելին, դատահոգեբույժը տարիների փորձից գալիս է այն մտքին, որ իր մեջ էլ խուլ ննջում է պոտենցիալ մարդասպանը:

Նա բոլորովին նոր ու անսպասելի հայացքով է նայում զոհերին ու դահիճներին: Օրինակ, ո՞վ է մարդասպանի կյանքին վերջ տվողը` այսպես կոչված «դատական վճիռն ի կատար ածողը»: Բարերա՞ր, թե՞ դահիճ: Կամ այն բռնակալը, որն անձամբ  իր ձեռքով որևէ մեկին չի սպանել, բայց հրաման տալով՝ ռազմի դաշտերում հազարավոր մարդկանց է ոչնչացրել:

Դորոթիի որոնումների բարձրակետը մարդասպանի բազմաինքնության բացահայտումն է: Ըստ էության, դահիճը խորքում մի այլ դահճի զոհ է, որի խաթարված ինքնության մտապատկերում` որպես ներքին կոնֆլիկտի լուծում, կերտվում է երկրորդ ինքնությունը`  նա, ով առաջինից հզոր է և կարող է պաշտպանել նրան: Օրինակ, ադեկվատ Մարին նաև ինքը` ագրեսիվ Բիլն է, ընդ որում, այս անցումը տեղի է ունենում Մարիի կամքից անկախ, այնտեղ` հոգեկան աշխարհի խորունկ ծալքերում և այդպես էլ չի գիտակցվում նրա կողմից:

Ցնցում է նաև ֆիլմի վերջը, երբ ոչ մարդասպան այցելուները հարմարավետ տեղավորվում են էլեկտրական աթոռին գամված մարդասպանի առջևի չերևացող սրահում` իհարկե, հանգիստ նստելով անվտանգ աթոռներին` վայելելու իրենց աչքի առջև մեռնող մարդու հոգեվարքը: Ֆիլմը դիտելուց հետո հիշեցի մի դրվագ Սերգեյ Դովլաթովի «Կոմպրոմիս» վեպից, երբ հեղինակը ոչ մի տարբերություն չի տեսնում փշալարերի երկու կողմում գտնվող բանտարկյալների և նրանց հսկող զինվորների միջև: Երկու կողմում էլ հանցագործներ են, մի մասը` փաստացի հանցագործներ, անզեն ու բացահայտված, մյուս մասը` պոտենցիալ հանցագործներ, պարզապես` զինված և համազգեստով:

Հիացնում է «Խենթ, ոչ թե խելագար» ֆիլմի բացառիկ գրագետ դրամատուրգիան: Բայց գրագիտությունը ուժեղ ֆիլմի համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Այստեղ ուրիշ գաղտնիք կա: Ինձ ապշեցրեց Դորոթի Լյուիսի մշտական տաք ու թախծոտ շնչառությունը, որ զգացվում է ֆիլմի ամբողջ ընթացքում: Առհասարակ, միշտ էլ կարելի է հետևել լավ ֆիլմերի հերոսների վարքագծին ու ծավալվող իրադարձություններին հայեցողի հայացքով, հետաքրքիր եզրակացություններ անել, անգամ հուզականորեն տպավորվել: Բայց ապրումակցե‘լ պատմության ոլորապտույտ ճանապարհներով մեզ ուղեկցող հերոսին, հազվագյուտ բան է: Դա արե’լ են այս ֆիլմը ստեղծողները, ինչի համար շնորհակալ եմ նրանց և մանավանդ իմ երիտասարդ բարեկամին`  իր ստեղծագործական ու կազմակերպչական տաղանդը մի քանի անգամ հաստատած Օֆելյա Հարությունյանին:

Վերջում համարձակվեմ  ասել, որ սա յուրահատուկ  հոգևոր կինոէսսե է, եթե ոչ ժանրային նկարագրով, ապա առնվազն  ենթատեքստային ուղերձով: Հոգևոր, որովհետև փաստերի միջոցով ճշմարտության որոնումները մեզ անխուսափելիորեն տանում են տեսանելի հորիզոնից անդին` այնտեղ, որտեղ աշխարհիկ բարոյականության փխրուն պատերը փշրվում են իմացության լույսից, որտեղ իրավունքը կորցնում է իմաստը, որտեղ, ըստ էության, չկան մեղավորներ ու անմեղներ, չկան դահիճներ ու զոհեր:»

Աղբյուրը` kinoashkharh.am