Աղքատ երկրներում բնակվող մարդիկ կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի պատճառով կարող են բախվել սննդամթերքի դեֆիցիտի վտանգին: Այս մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ը, հայտնում է The Guardian-ը:

Գրեթե ամբողջ աշխարհում սննդամթերքը թանկացել է, իսկ որոշ երկրներում այն ընդհանրապես անհասանելի է մարդկանց: Այս տարի իրավիճակը, կարծես, ավելի բարդ է, քան անցյալ տարի էր, նշել է 2021 թվականի պարենային համակարգերի գագաթնաժողովի հարցերով ՄԱԿ հատուկ բանագնաց Ագնես Կալիբատան: Նա հավելել է, որ շատերն այլեւս սննդամթերք եւ խնայողություններ չունեն:

Կալիբատայի կանխատեսումներով՝ COVID-19-ի եւ դրա տնտեսական հետեւանքների դեմ պայքարը կարող է տեւել նվազագույնը հինգ տարի: Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է գները ցածր մակարդակում պահել եւ աջակցել մարդկանց հասանելիությանը սննդամթերքին:

2020 թվականին սննդամթերքի եւ հումքի համաշխարհային գները վերջին երեք տարում ռեկորդ են սահմանել: Անցյալ տարվա դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, երբ գրանցվել էր գրեթե վեց տարում ինդեքսի ամենաբարձր մակարդակը, ցուցանիշն աճել է մինչեւ 107,5 կետով կամ 2,2 տոկոսով:

Փորձագետները պարենի գնաճը չեն պայմանավորում բացառապես համավարակով, ինչը հիմնականում հանգեցրել է մատակարարումների որոշ խափանումների եւ ուշացումների: Մասնագետների խոսքով՝ գնային դինամիկան կախված է պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցությունից։