2013-ին Փարիզում երեք քուրդ ակտիվիստուհիների սպանության hետեւում կանգնած էր Թուրքիան, CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Իսմայիլ Հաքի Փեքինը:

2013 թվականի հունվարի 9-ին Փարիզի քրդական տեղեկատվական կենտրոնում երեք կին էր գնդակահարվել, այդ թվում` Քրդական աշխատավորական կուսակցության համահիմնադիր Սաքինե Ջանսիզը: Սպանվել էին նաեւ քուրդ ակտիվիստուհիներ Լեյլա Սոյլեմեզը եւ Ֆիդան Դողանը:

«Պե՞տք է ինչ-որ բան անել Եվրոպայում ՔԱԿ-ի տարրերի հետ: Դա ավելի վաղ արվել էր Փարիզում… »,- ասել է Փեքինը CNN Türk-ի համար քրդամետ լրագրող Մելթեմ Օքթայի կողմից հրապարակված  մեկնաբանության մեջ:

2007-ից 2011 թվականներին Փեքինը գլխավորում էր Գլխավոր շտաբի հետախուզական բաժինը:

Սպանությունների միակ կասկածյալը Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի տեխնիկական աշխատակից Օմեր Գյունեյն էր: Գյունեյը մահացել է 2016-ի դեկտեմբերին գլխուղեղի ուռուցքից, ինչից հետո Ֆրանսիան դադարեցրեց դատական ​​գործընթացը: 2019-ին Ֆրանսիայի դատախազությունը վերսկսեց հետաքննությունը: Զոհերին ներկայացնող փաստաբան Ժան-Լուի Մալթերն Fırat լրատվական գործակալությանն ասել էր, որ նոր հետաքննությունն ուղղված է Ազգային հետախուզական գործակալության (MIT) հնարավոր դերին: