Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 24-ին, հրապարակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը:

Դատավճռով՝ Արմեն Բիլյանն արդարացվեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը մեղադրանքում:

Նա  մեղավոր ճանաչվեց այլ արարքներում եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց  4 տարի 11 ամիսը:

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց եւ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը նրա  նկատմանբ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանելու մասին ստորագրությունը:

«Բիլյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Բիլյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Բիլյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 4 տարի 6 ամիս 24 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի 11 ամիս 6 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման»,- իր վճռում նշեց դատավորը։