Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու համար անհրաժեշտ թղթերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Փաշինյանը։

«ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալն արդեն նաեւ դե յուրե ազատված է աշխատանքից, եւ նա որպես այդպիսին հանդես գալու իրավունք չունի։

Գլխավոր շտաբի պետին ազատելու համար անհրաժեշտ թղթերը ես ստորագրել եմ։ Այդ պրոցեսին ընթացք է տրված։ Ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել իրենց կատարած ծառայությունների համար»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ–ն հայտարարել է, որ Զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Հայտարարությունը ստորագրել են ԶՈՒ ԳՇ պետը, նրա տեղակալները, վարչությունների պետերը և բոլոր կորպուսների հրամանատարները։

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է»,– ասվում էր հայտարարությունում:

Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության Հրապարակ:

Վարչապետի այս հայտարարությունը քաղաքագետներն ու փորձագետները անվանել են քաղաքացիական բախումների և արյունահեղության տանելու փորձ։

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ա՜յ աղբանոցի առարկա,դու ով ես, որ համարես ռազմական հեղաշրջման փորձ կամ չհամարես! Դու մարդասպան վիժվածք ես, ում ձեռքերին հազարավոր մարդկանց արյուն կա, ու հիմա էլի տանում է արյան:

Հանրապետության Հրապարակում հավաքվելու են նրանք, ովքեր ուրախ են հայ երեխեքի արյան համար! Իրավապահ մարմիններ` ԱՐմեն Աբազյան, Արթուր Դավթյան, և մյուսներ եկել է ձեր քայլի ժամանակը! Հոգեկան հիվանդ ստահակը հայի արյուն շատ է թափել! Ձերբակալեք դրան! Կանգնեք պետության կողքին, ինչպես բանակը!!!»:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանն էլ գրել է. ««ԱԱԾ–ն ու ոստիկանությունը պարտավոր են միանալ բանակին ու թույլ չտալ քաղաքական դիակ Նիկոլին մեր երկիրը տանել քաղաքացիական բախումների։

Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում, Նիկոլի սիրտը հայի արյուն է ուզում։

Նիկոլը պետք է հեռացվի եւ վե՛րջ»

Նշենք, որ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը աշխատանքից ազատվել էր նախօրեին «Իսկանդերի» վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հաջորդած սկանդալի ֆոնին։ Նա Երեվան Թըդեյ լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել էր Փաշինյանի հայտարարությանը՝ թե «Իսկանդեր»-ը կրակված հրթիռները կամ չեմ պայթել կամ պայթել են 10 տոկոսով։

Լրագրողը Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի։ Խաչատրյանը նախ երկար ծիծաղել էր, ապա պատասխանել։ «Իհարկե՝ հնարավոր չէ։ Կներեք սա լուրջ չէ»։

Երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը որոշեց աշխատանքից ազատել Տիրան Խաչատրյանին։