Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները որպես հեղաշրջման փորձ է գանահատում եւ խստորեն դատապարտում է այն, հինգշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Որտեղ էլ որ աշխարհում հեղաշրջում լինի, մենք դատապարտում ենք այն: Մենք խստորեն դատապարտում ենք նաեւ այս փորձը (Հայաստանում): Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը. դա նորմալ է: Անընդունելի է ոչ միայն կառավարության տապալումը բանակի օգնությամբ, այլ նույնիսկ` դրա կոչը»,- ասել է Չավուշօղլուն` ելույթ ունենալով Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով:

Հեռարձակումն իրականացվել է նախարարի Twitter-ում:

Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության անհապաղ պաշտոնանկության անհրաժեշտության մասին: Շարժումն իր աջակիցներին կոչ է արել հավաքվել ի պաշտպանություն Գլխավոր շտաբի հայտարարության:

Դրանից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: