Հենց նոր Հանրապետության նախագահի հետ հանդիպման էինք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Դե ինքը լսեց կարծիքները, բայց որոշումն ինքն է կայացնում։ Ես ընդամենն իրեն հորդորեցի, որ ինքը որպես նախագահ չխորացնի հասարակության մեջ ձեւավորված այն կարծիքը, որ ինքը վարչապետի կամակատարն է, վարչապետի որոշումները մեխանիկորեն դակողն է։ Նաեւ մատնանշեցի օրենքների այդ հոդվածները, որոնց համաձայն անօրինական է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ապագա որոշումը»,- նշեց նա։

Պետրոսյանի խոսքով՝ մարդուն չի կարելի առանց պատճառի աշխատանքից ազատել. «Ես Օնիկ Գասպարյանի նկատմամբ իր ունեցած անձնական վերաբերմունքը ավելի վտանգավոր եմ գնահատում, քան զուտ անձնական վերաբերմունք. սա բանակը գլխատելու փորձ է։ Նախագահը որպես ժողովրդի անվտանգության երաշխավոր չտրվի այդ սադրանքին, բարձր գտնվի, հիշի, որ ինքը հետեւում է Սահմանադրության պահպանմանը»։

Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այն խոսքին, որ բանակը պետք է ընդվզի, եթե  Օնիկ Գասպարյանին ազատեն պաշտոնից, Պետրոսյանն ասաց.

«Եթե ինքը ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը, դա նշանակում է, որ պետք է ազատվեն նաեւ մնացած մարդիկ, որոնք ստորագրել են այդ հայտարարության տակ։ Այսինքն՝ բանակը զրկում են գեներալներից, գնդապետներից։ Ո՞ւմ է բերելու Նիկոլ Փաշինյանը, Դանիել Իոանիսյանին է բերելու նշանակի՞, ինքն ի՞նչ կադր ունի, որ ապահովեն մեր ժողովրդի անվտանգությունը։ Եթե օրենքի առաջ կա հավասարության սկզբունք, ուրեմն ենթադրվում է, որ պետք է ազատվեն մյուսները, որոնք ստորագրել ենք, որովհետեւ մեղադրանքն այնպիսին է, թե իբր քաղաքական հայտարարություն է արվել, որն արգելված է զինվորականին։ Այդ ո՞նց է, որ Նիկոլ Փաշինյանի պետք է լինում, ինքը բերում է այստեղ զինվորականներով, սահմանապահ զորքերով, ԱԱԾ աշխատակիցներով շրջապատում է, հիմա եթե դա իր դեմ է, ապա որակվում է որպես ծառայության կանոնների խախտում։ Դու ճաշարանի պովր չես ազատում աշխատանքից այ տղա, դու ազատում ես ԳՇ պետ, որ այս պահին այս վիճակում մեր երկրին պետք չի»։

Հարցին, ըստ իրեն, ո՞ւր կտանի սա բանակին, պատգամավորն ասաց. «Քանի Նիկոլ Փաշինյանը նստած է վարչապետի աթոռին, մեր բանակին լավ բան չի սպասվում, ընդհանրապես մեր պետությանը։ Ռազմական հեղաշրջման փորձ գոյություն չունի։ Քանի որ Նիկոլ Փաշինյանն իրավաբանությունից անգրագետ մարդ է, նրան կողքից մեկը հուշել է, ինքն էլ հավատացել է։ Ռազմական հեղաշրջման փորձն այն է, որ զինվորականները մուտք գործեն Կառավարության շենք կամ չգիտեմ ինչ գրավեն, պարտադրեն հրաժարական, իսկ նման բան չկա։  Ընդամենը բանակը վարվել է Սահմանադրությանը համապատասխան»։

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ իրենք պետք է անցնեն ավելի կոնկրետ քայլերի. «Պիտի գնալ ԱԺ-ի իրենց քայլականներին բերման ենթարկել։ Պետք է նրանց պարտադրեն երեք որոշում. ռազմական դրությունը վերացնելու մասին որոշում, ինքնահռչակ գերագույն հրամանատարին պաշտոնանկ անելու որոշում ու վարչապետ ընտրելու որոշում»։

Հարցին՝ ո՞վ բերման ենթարկի պատգամավորներին, Պետրոսյանն ասաց՝ ժողովուրդը. «Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդն է հրապարակից կառավարում։ Իր ուզածն այն է, որ հրահրի քաղաքացիական պատերազմ։ Այդ անձնավորությունը միայն դրա հույսին է մնացել, ինքն ուզում է, որ ժողովուրդն իրար կոտորեն, որ հետո թուրքը մտնի կոտորի, ասի՝ դե ես ինչ անեմ, դուք իրար կոտորեցիք, թուրքն էլ դրանից օգտվեց։ Նիկոլ Փաշինյանը դարի հանցագործն է»։