Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը եւ ստանձնել իսլամի երրորդ սրբազան քաղաք Երուսաղեմի պատասխանատվությունը: Սա նրա՝ մուսուլմանական խալիֆաթի վերածնման երազանքի մասն է, նշում է Israel Hayom-ը:

Երուսաղեմը, որը մուսուլմանների համար Մեքքայից եւ Մեդինայից հետո առաջնահերթ նշանակություն ունի, թուրք առաջնորդը դիտարկում է որպես «օկուպացված» եւ կարծում է, որ այն պետք է դառնա որպես «Ումրա» հայտնի մուսուլմանական կամավոր ուխտագնացության մասը:

Թուրքական լրատվամիջոցները հանգստյան օրերին հայտնել էին, որ երկրի բարձրագույն կրոնական կազմակերպությունը բաժին է բացել, որը սպասարկում է Երուսաղեմ այցելող զբոսաշրջիկներին: Կրոնի գործերով վարչությունը պատասխանատու է լինելու Երուսաղեմ կամավոր ուխտագնացության ուղեւորությունների համար, որը Էրդողանն անվանել է մուսուլմանների «կարմիր գիծ»:

Վարչությունը Երուսաղեմ տուրերի համար պատրաստել է հատուկ ուղեցույց՝ քաղաքի պատմությամբ եւ նշանակալի վայրերով, ներառյալ Հեբրոնը, Բեթղեհեմը եւ Յաֆֆան:

Թուրքիայի նախագահը Իսրայել մուսուլման զբոսաշրջիկների զանգվածային հոսքի ճանապարհով քաղաքը «նվաճելու» կոչ է արել դեռեւս 2017 թվականին, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը այն ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, ինչը հարուցել էր Էրդողանի զայրույթը, նշվում է հոդվածում:

Թուրքամետ տարրերի համացանցում հրապարակած հոլովակներում ցույց է տրվում, թե ինչպես են մուսուլմանները «հուսահատորեն փորձում պաշտպանել» Ալ Աքսա մզկիթը, որն իսլամի երրորդ սրբազան վայրն է, որին հաջորդում են թուրքական եւ պաղեստինյան դրոշներով նավերի, օդանավերի եւ տրանսպորտային միջոցների պատկերներ, որոնք ուղեւորվում են դեպի մզկիթ:

Էրդողանի այս քայլը հանուն Ալ Աքսայի նրա «ազատագրական պատերազմի» շարունակությունն է: