Երեկ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում ծեծկռտուքի ժամանակ հայի սպանության եւ վիրավորման մեջ մեղավորը ադրբեջանցի է՝ Հասանով ազգանունով, որի նկատմամբ հիմա դաշնային հետախուզում է հայտարարվել: Այս մասին մարտի 3-ին տեսակամուրջի ժամանակ ասել է Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նա հավաստիացրել է, որ Բելորեչենսկի շրջանում ողբերգությունը տեղի է ունեցել կենցաղային պատճառով, դիսկոտեկում եւ ազգային հիմքով հայ-ադրբեջանական հակամարտության վառ արտահայտված բնույթ չունի:

Պատգամավորը հավելել է, որ մահացածը ազգությամբ հայ է՝ Սարուխանովը, ում այսօր հուղարկավորել են: «Երկրորդ տուժածը ռուս տղա է, որը հիմա հիվանդանոցում է: Նրան ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Ծեծկռտուքին մասնակցել են մի կողմից երկու ադրբեջանցի եւ ռուս, մյուս կողմից՝ հայ եւ ռուս: Սա Լեռնային Ղարաբաղում պայքարի շարունակության ինչ-որ դրվագ չէ»,- նշել է Զատուլինը:

Նա հույս է հայտնել, որ մեղավորը կպատժվի, եւ նման բան տեղի չի ունենա՝ գոնե Ռուսաստանում ազգամիջյան խաղաղության եւ համաձայնության շահերի շրջանակում: