Ինձ տեսանելի չէ այն սպառնալիքը, որից այս պահին այսպես պաշտպանվում են Ազգային ժողովում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ Ազգային ժողովի շենքի պատուհաններից այս պահին երեւում են դիպուկահարներ, իսկ շենքի բակում էլ ավտոմատներով զինված ոստիկաններ են շրջում։ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, այս պահին ընթանում է ընդդիմության խաղաղ հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Եթե քաղաքացիները թիրախավորվում են, այսինքն՝ ոչ թե պատուհանից ուղղված է որեւէ կետի, այլ հենց քաղաքացուն, եւ մարդիկ էլ գիտակցում են, որ իրենց կյանքը վտանգված է, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված արարք է դա։ Եթե չեն թիրախավորել, ապա իրավական տեսանկյունից խնդիր չկա։ Եթե կա օպերատիվ տվյալ, որ տեղի է ունենալու հարձակում, ուրեմն անվտանգությունն ապահովելու համար հսկողությունն ուժեղացրել են»,- նշեց փաստաբանը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, գուցե նրա անվտանգությունն ապահովելու համա՞ր է այդպիսի հսկողություն սահմանվել, Խուդոյանն ասաց. «Ինձ մոտ մտահոգություն կա, որ ռազմական հեղաշրջում կարող է լինել, եւ բանակն ուժի միջով կարող է հեռացնել նրան, ուրիշ այլ տրամաբանական բան չեմ տեսնում, որ կարող էին այսպիսի հսկողություն սահմանել»։

ԱԺ պատշգամբներում դիպուկահարներ են, բակում՝ լուսաձայնային նռնակներ. ավտոմատներով զինված ոստիկաններ են շրջում