Առաջադրված մեղադրանքը սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով իրեն ՔԿ-ում քիչ առաջ առաջադրված մեղադրանքին։

Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Մանուկյանը հայտնեց, որ հրաժարվել է ցուցմունք տալ. «Խոսակցություն չգնաց, պարզաբանում չեղավ, որովհետեւ ես ոչ մի հարցի չեմ պատասխանել»։

Լրագրողների հետ զրույցում Մանուկյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն ասաց, որ այս գործով գործ ունեն պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ.

«Պարզ է, որ քաղաքական իշխանությունն ունենում է քաղաքական հակառակորդ, վերջին 3 տարիների ընթացքում տեսնում ենք, որ անպայման պետք է լինի քրեական գործ։ Տվյալ դեպքում գործ ունենք մի քանի քաղաքական հայտարարություններն իբրեւ Քրեական օրենսգրքի առնչության մեջ դիտարկելու Քննչական կոմիտեի մի փորձ, որը պարզ է, որ պատվեր է։ Խոսքերից մեկը վերաբերում էր պլան ա, պլան բ-ին, եթե պլան բ-ին ուղղված կոչ լիներ, ապա պլան բ-ի իրացումը կտեսնեինք։ Հանրահավաքի ժամանակ պատգամավորների վերաբերյալ են հնչել հայտարարություններ, դա պետք է դիտարկվի 2018 թվականի ապրիլ-մայիս իրադարձությունների հետ ուղղակի կապի մեջ, եթե թույլատրելի է համար մեր Քննչական կոմիտեն, Դատախազությունը, սեւ լենտեր փակցնելը, դագաղներ ՀՀԿ պատգամավորներին տանելը, ապա այս դեպքում Վազգեն Մանուկյանի հայտարարությունը դրանից տասնապատիկ ավելի նվազ է, որովհետեւ խոսք գնում է հանրային պարսավանքի մասին։ Այո,  հանրային պարսավանքի պետք է արժանանան այն քաղաքական գործիչները, որոնք առնչություն ունեն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի հետ»։

Պաշտպանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքի էությունը պարզ չէ. «Պարզ չէ առնչությունն այդ մեղադրանքի Քրեական օրենսգրքի հոդվածների հետ»։

Նա ասաց, որ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ որոշումը բողոքարկելու է. «Բոլոր հնարավոր քրեադատավարական գործիքներով արձագանքելու ենք այս իրավիճակին»։

Անդրադառնալով մեղադրանքին՝ Վարդեւանյանն ասաց. «Քրեաիրավական տեսանկյունից ցանկացած կոչ պետք է լինի իրական եւ իրական լինելու մասով պետք է լինի հետեւանքը։ Այսինքն՝ քաղաքական բնույթի հայտարարությունը քրեաիրավական ներգործության տիրույթից տարբերվում է բացառապես իր իրականության եւ հետեւանքների տեսանկյունից գնահատման։ Եթե Վազգեն Մանուկյանն ունենար նման ցանկություն, ապա դա ունենալու էր հետեւանք»։

Նրա խոսքով՝ կոնկրետ կոչը պետք է լինի հասցեական, թիրախավորված եւ իր մեջ ունենա իրական բնույթ. «Վազգեն Մանուկյանի ցանկացած հայտարարությունը համադրել օրինակ՝ հետեւյալ հայտարարության հետ, անձ, որը հետագայում բարձր պաշտոն ստացավ, պնդում էր Հանրապետության հրապարակում՝ կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանի Հանրապետությունում վարչապետ չի լինի. խնդրում եմ ինձ հիշեցրեք այդ հայտարարության մասով արդյոք կա՞ ՔՕ 301-րդ հոդվածի կամ 300-րդ հոդվածի մասով»։