Ռազմական հեղաշրջման փորձի մասին խոսում են մարդիկ, որոնք խաղաղ հավաքի ժամանակ եռակցելով ավելի են ամրացնում ԱԺ-ի դարպասները, ձայնալուսային նռնակներ են շարում տարածքում եւ ֆասադում տեղադրում են դիպուկահարների հաշվարկներ. Ու այդ մարդիկ խոսում են ռազմական հեղաշրջման վտանգի մասին: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ՊՆ-ի դիմաց հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բանակի զինվորականների ու քաղաքացիների ակցիայի ժամանակ նշեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիրներից Արման Սաղաթելյանը:

«Եթե լիներ որեւէ հեղաշրջման փորձ, ես համոզված եմ, որ այդ մարդիկ նույնիսկ հայտարարություն անելու հնարավորություն չէին ունենա: Ես համարում եմ, որ կառավարության հրաժարականի պահանջը քաղաքական հայտարարություն չէ, որովհետեւ խոսվում է մարդու մասին, ով ի պաշտոնե պետք է պատասխանատվություն կրի ողջ պաշտպանական համակարգի համար»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահի ՍԴ չի ուղարկել Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը, հետեւաբար նա պետք է ազատվի պաշտոնից օրենքի ուժով, Սաղաթելյանն ասաց. «Ես նման օրենքի ուժ չգիտեմ: Երկրի թիվ մեկ զինվորականին աշխատանքից ազատելը հենց այնպես փլավ ուտել չէ: Դա ոչ իր թերթոնն է, ոչ դուքյանը: Սահմանադրության մեջ կա հստակ դրույթ, որպեսզի ԳՇ պետը ունենա որոշակի երաշխիքներ: Դրա համար է, որ Սահմանադրության մեջ նրա նշանակման մասին խոսվում է, ազատման մասին՝ ոչ: Չի կարելի առավոտյան արթնանալ եւ տրամադրության ներքո պաշտոնից ազատել բարձրաստիճան զինվորականին, ինչ է, թե տրամադրությունը տեղը չի, կամ բան ես կարդացել ու լավ չես հասկացել: Այո, մենք մեր բանակի կողքին ենք»: