Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին նախագահի աշխատակազմից։

Նախագահը դեռևս նշանակման հրամանագիր չի ստորագրել։ Աշխատակազմից տեղեկացրին, որ չեն կարող ասել՝ կստորագրի նախագահը, թե ոչ։ 

Նշենք, որ նախօրեին Արտակ Դավթյանը Պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։ Նա 2020թ.–ի նոյեմբերի 16–ին վարչապետի որոշմամբ ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, որին նշանակվել էր 2020-ի հուլիսի 17-ին։ Արտակ Դավթյանը ավելի վաղ՝ հունիսի 8-ին, ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, որին նշանակվել էր 2018թ.–ի մայիսի 24–ին։ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման առիթը դարձել էր կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի օրերին  որդու հարսանիքը նշելը։ 

Նշենք, որ 2021թ.–ի փետրվարի 25–ին, «Իսկանդերի» շուրջ սկանդալից հետո,  ԶՈՒ ԳՇ–ն հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը։ Դրանից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետից ազատելու վերաբերյալ եւ ԳՇ հայտարարությունը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ։

Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրելու Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության  հրամանագիրը եւ դիմելու է ՍԴ՝ վիճարկելու այն օրենքի ( «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք) սահմանադրականությունը, որի հիմքի վրա վարչապետը ներկայացրել էր իր առաջարկը։

Չնայած, տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչող կոչերին, Արմեն Սարգսյանն այդպես էլ ՍԴ–ում չվիճարկեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը։

Նշենք, որ ըստ իրավաբանների՝ սահմանադրությունը նախագահին չի լիազորում պաշտոնից ազատել ԶՈՒ ԳՇ պետին։