Թուրքիան, Ռուսաստանը եւ Կատարը համատեղ ջանքեր են գործադրում սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը խթանելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը:

«Այսօր մենք եռակողմ խորհրդատվությունների նոր գործընթաց սկսեցինք»,- ասել է Չավուշօղլուն Ռուսաստանի եւ Կատարի արտգործնախարարների հետ Դոհայում կայացած բանակցություններից հետո: «Մեր նպատակն է քննարկել, թե ինչպես կարող ենք նպաստել Սիրիայում կայուն քաղաքական լուծում գտնելու ջանքերին»: Բոլոր երեք նախարարներն ընդգծել են, որ հակամարտության միակ լուծումը ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան քաղաքական կարգավորումն է:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երեք երկրները չեն ձգտում փոխարինել այն ջանքերը, որոնք Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը համատեղ ձեռնարկում էին 2017 թվականից: «Ես միայն կարող եմ ողջունել Կատարի` Սիրիայում ներկայիս ողբերգական իրավիճակը հաղթահարելու համար պայմաններ ստեղծելու գործին նպաստելու ցանկությունը»,- ասել է նա:

Կատարի արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանին ասել է, որ քննարկվել են նաեւ Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու մեխանիզմները: