Թուրքիայում ոստիկանությունը 13 մարդու է բերման է ենթարկել` «Կանանց միջազգային օրվա երթի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար», հայտնում է AP-ն:

Հազարավոր մարդիկ են մասնակցել Ստամբուլի կենտրոնում կայացած ցույցին` Թուրքիայում կանանց նկատմամբ բռնությունը դատապարտելու համար, որտեղ անցյալ տարի ավելի քան 400 կին է սպանվել: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ոստիկանությունը ցրում էր նմանատիպ ցույցերը, երթն առանց միջադեպերի էր անցել:

Սակայն ավելի ուշ ոստիկանությունը ստուգել էր ցույցի տեսանյութերը եւ բերման ենթարկել 13 մարդու, այդ թվում` անչափահասի, ովքեր մասնակցում էին բողոքի ցույցին, հայտնում է Ստամբուլի նահանգապետի գրասենյակը: Հայտարարության մեջ նշվում էր, որ խումբը «կարգախոսներ» էր վանկարկում, սակայն մանրամասներ չէին հաղորդվում:

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ կասկածյալները բերման են ենթարկվել Էրդողանի համար վիրավորական համարվող կարգախոսների հետ կապված հարցաքննության համար:

Նախագահին վիրավորելը Թուրքիայում հանցագործություն է, որը պատժվում է մինչեւ չորս տարի ազատազրկմամբ: Հազարավոր մարդիկ, այդ թվում` լրագրողներ, քաղաքական գործիչներ, դերասաններ եւ դպրոցականներ, քրեական պատասխանատվության են ենթարկվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:

Ձերբակալությունները տեղի են ունեցել չնայած նախորդ շաբաթ Էրդողանի խոստմանը բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների, այդ թվում` խոսքի ազատության ոլորտում: