Գերմանիան մտադիր է ընդլայնել իր տարածքում կորոնավիրուսի դեմ արտասահմանյան պատվաստանյութեր արտադրելու կարողությունները, որպեսզի հաջորդ տարվանից կախված չլինի ներմուծումից: Այս մասին հայտարարել է ԳԴՀ կառավարության պատվաստումների պատասխանատու Քրիստոֆ Կրուպը հարցազրույցում, որը շաբաթ օրը հրապարակվել է Funke խմբի թերթերում:

Նրա խոսքով՝ նպատակը «սեփական հզորությունների օգնությամբ Գերմանիայի հուսալի մատակարարմանը» հասնելն է: Մինչեւ մայիս կստեղծվի աշխատանքային խումբ, որը կմշակի համապատասխան հայեցակարգ 2022 թվականից սկսած ժամանակահատվածի համար, ասել է Կրուպը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի տարածքում իրենց պատվաստանյութն արտադրել մտադիր են ոչ միայն գերմանական Biontech եւ Curevac ընկերությունները։ «Johnson & Johnson-ը եւ Astrazeneca-ն նույնպես ցանկանում են աշխատել Գերմանիայում,- ասել է հանձնակատարը,- Մեզ պետք են մի ամբողջ խումբ ընկերություններ, որոնք արտադրական տարբեր քայլեր կձեռնարկեն»:

BioNTech-ը եւ նրա ամերիկյան գործընկեր Pfizer-ը փետրվարի 10-ից սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը Գերմանիայի Մարբուրգ քաղաքի գործարաններից մեկում: Նախատեսվում է այնտեղ արտադրել տարեկան շուրջ 750 միլիոն դոզա: Մի քանի ամիս կպահանջվի, մինչ ձեռնարկությունը լիարժեք հզորությամբ աշխատի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: