Այսօր 18:00-ին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը: Հոգաբարձուների խորհրդի անդամները նիստը կանցկացնեն առցանց ռեժիմում եւ կքննարկեն Հիմնադրամի վերջին մեկ տարվա գործունեությունը, կհաստատեն 2021 թվականի բյուջեն, ինչպես նաեւ կքննարկեն  Հայաստանի Կառավարությանը փոխանցված 107 մլն դոլարի ճակատագիրը: Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ 1992 թվականից գործող հիմնադրամը մշտապես միջազգային աուդիտ է անցել: «Սա կանոններից բացառություն չէ: Հարցը սոսկ այն է, որ այս անգամ միջազգային աուդիտորը չի հաստատել ֆինանսների նախարարության հաշվետվությունը չարաբաստիկ 107 մլն դոլարը Կառավարությանը փոխանցելու մասին»,- պարզաբանեց նախկին տնօրենը՝ հավելելով, որ նման բան դեռեւս ոչ մի անգամ չի եղել:

Ի պատասխան հարցին՝ միջազգային աուդիտորը ինչո՞ւ չի ընդունել ի դեմս ֆիննախի Կառավարության հաշվետվությունը, Վարդանյանը նշեց, որ ֆիննախն, ամենայն հավանականությամբ, չի կարող ուղղակի որոշել ճիշտ տարբերակը՝ աուդիտորին հետագայում իշխանություններին հարմար հաշվետվություն ներկայացնելու համար: Նախկին տնօրենը վստահ է, որ Կառավարությանը հատկացված միջոցները ըստ նշանակության չեն ծախսվել:

Նա միաժամանակ նշեց, որ համացանցում արդեն տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Հիմնադրամից Կառավարությանը հատկացված 107 մլն դոլարը ծախսվել է հերթական պարգեւավճարների համար, 8-9 մլն դոլար փաստացի կանխիկացվել է ինչ-որ անհասկանալի արտադրանք ձեռք բերելու համար: Արա Վարդանյանը նաեւ զարմացած է, որ Գլխավոր դատախազությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը այս միջադեպով քրեական գործ չեն հարուցել: