Հայաստանի իշխանությունները զարմանալիորեն պասիվ են այն ռիսկի հանդեպ, որ Բաքուն դե ֆակտո ինքնուրույն կձեւավորի սահմանը, Շուռնուխ գյուղի մասին հոդվածում գրում է ֆրանսիական Le Monde թերթը:

«Արդեն երկու ամիս Ստեփան Մովսեսյանը ստիպված է ուշադիր հետեւել, թե որտեղ է ոտքը դնում իր տանը: Մի սխալ քայլ, եւ այս 72-ամյա գյուղացին կհայտնվի Ադրբեջանում: Ամեն դեպքում այդպես են ասում ադրբեջանցի զինվորները: 2020 թվականի դեկտեմբերի 27-ին նրանք իրենց GPS-ով մուտք գործեցին գյուղ եւ վճռականորեն հայտարարեցին, որ իրենց է պատկանում սահմանին գտնվող տան կեսը, ինչպես նաեւ ճանապարհի մի կողմում գտնվող եւս 11 տուն:

Տարակուսած տարեց հայի աչքի առջեւ զինվորները մուտքի մոտ ցուցանակ են ամրացրել. «Գյուղ Շուռնուխ, Կուբաթլի շրջան, Ադրբեջանական Հանրապետություն»: Նրա ննջասենյակն ու հյուրասենյակը մնացել են հայկական կողմում, բայց գոմ այլեւս չի կարող մտնել: Ինչեւէ, նրա վիճակն այնքան վատ չի, որքան հարեւաններինը, որոնց պարզապես վտարել են տներից: Բնակիչներն առավել զարմացած էին այդ դեպքից, քանի որ Շուռնուխը Սյունիքի մարզում է, այլ ոչ թե Կուբաթլիի շրջանում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020թ. նոյեմբերի 9-ին կայացած զինադադարից հետո, որն ամրապնդեց Հայաստանի ջախջախումը Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Այժմ լեռան ստորոտում գտնվող այս գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել: Ստեփան Մովսեսյանը ստիպված է ընտելանալ իր նոր հարեւաններին: Երբ նա ծխում է պատշգամբում, հայացքն ընկնում է դրոշների եւ զինվորականների շարանին՝ ադրբեջանցիները տեղակայվել են ավերված շենքի տանիքի տակ, ճանապարհի մյուս կողմում տեղակայված են ռուս խաղաղապահներ, իսկ նրա այգում այժմ օր ու գիշեր հերթապահում են երկու հայ սահմանապահներ: «Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ինձ հետեւում են»,- ասում է նա հեգնանքով:

Ակնհայտ լարվածություն

Թշնամիների հետ նոր առճակատումը լավատեսություն չի ներշնչում նրան. «Նախկինում ադրբեջանցիները 120 կիլոմետրի վրա էին: Այսօր նրանք ըստ էության իմ տանն են»: Նրան չի լքում այն միտքը, թե ինչ կլինի, եթե կրակ բացեն: Սյունիքի մարզի սահմանի մյուս գյուղերում, որտեղ նույնպես ադրբեջանցի զինվորներ են հայտնվել, արդեն միջադեպեր են տեղի ունեցել, որոնք խնամքով արձանագրում է հայ իրավապաշտպան Արման Թաթոյանը: Զոհեր եւ վիրավորներ առայժմ չեն եղել, բայց լարվածություն զգացվում է: Խաղաղ բնակիչների կողքին մեկ անգամ չէ, որ նախազգուշական կրակոցներ են հնչել:

Ահաբեկված բնակիչները վախենում են դուրս գալ տներից ու նույնիսկ հիվանդանոց գնալ, քանի որ դրա մի քանի կիլոմետրանոց հատվածը հայտնվել է Բաքվի ձեռքում: Ներքին Հանդ գյուղում կրակոցները հնչել են դպրոցից 500 մ հեռավորությամբ: «Զինվորները օդ են կրակել, բայց դա ոչինչ չի փոխում՝ դա շատ վտանգավոր է, եւ նրանք այնտեղ անելիք չունեն»,- ընդգծում է Արման Թաթոյանը: Իրավապաշտպանը կողմ է ապառազմականացված գոտու ստեղծմանը: Բացի այդ, «սահմանների գծման գործընթացն իրականացվում է ցանկացած իրավական շրջանակից դուրս, զինվորականների սպառնալիքի ներքո եւ քաղաքացիների բոլոր իրավունքների ոտնահարմամբ»: Ոչ ոք չի ստեղծել հատուկ հանձնաժողով կամ նախնական գնահատական չի տվել բնակչության կարիքներին:

«Ադրբեջանցիները գալիս են ու սահմաններ գծում, ինչպես հարմար են գտնում»,- ասում է Ստեփան Մովսեսյանը: Նա փորփրում է պահարանն ու հանում հին սովետական քարտեզը: «Ես այն անգիր գիտեմ: Ես դրանով աշխատել եմ 20 տարի, երբ անտառապահ էի: Այստեղ հրաշալի երեւում է, որ սահմանը Շուռնուխից հեռու է անցնում»,- նա մատով ցույց է տալիս գյուղը: Այն ժամանակ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռ ԽՍՀՄ կազմում էին, իսկ սահմանը զուտ վարչական բնույթ ուներ, ուստի ոչ ոք դրան մեծ ուշադրություն չէր դարձնում: Այդ ժամանակից ի վեր ամեն ինչ արմատապես փոխվել է:

Չնայած խնդրի մասշտաբին, հայկական կառավարությունը զարմանալիորեն պասիվ է պահում իրեն այն ռիսկի հանդեպ, որ Բաքուն դե ֆակտո ինքնուրույն կձեւավորի սահմանը: Իրավիճակն էլ ավելի է բորբոքում հայերի դժգոհությունը, որոնք արդեն նրա վրա են դնում պարտության պատասխանատվությունը: «Վարչապետը նույնիսկ չի եկել, իսկ ադրբեջանցիներն ասում են՝ «Սա մերն է», եւ նրանց ոչ ոք չի առարկում»,- բորբոքվում է Գորիի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը, ով զբաղվում է սահմանամերձ գյուղերով: Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ասում է, որ հասկանում է մարդկանց շփոթմունքը, բայց համբերություն ցուցաբերելու կոչ է անում. «Այս պատմությունը դեռ չի ավարտվել: Երբ մենք հանդարտեցնենք կրքերը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք Ադրբեջանի հետ (երկու երկրները դրանք երբեւէ չեն ունեցել-խմբ․), այդ աշխատանքով հատուկ հանձնաժողով կզբաղվի: Առայժմ պայմանագրի բացակայության պատճառով խոսքը ոչ թե սահմանի, այլ շփման գծի մասին է»։

Ինչեւէ, պատերազմն ավարտվել է, եւ Շուռնուխում հայ զինվորականներ չկան, միայն՝ սահմանապահներ: Բաքվի հետ համաձայնության գալու համար կարող են տարիներ պահանջվել, բայց նախարարը չի անհանգստանում եւ ապավինում է ռուս զինվորականների միջնորդությանը` սրումը կանխելու համար:

«Ամեն անգամ արցունքները խեղդում են»

Բայց առայժմ սեփական տներից վտարված մարդիկ ստիպված են ժամանակավոր ապաստան գտնել: Արմեն Հարությունյանն այժմ ապրում է նախկին քաղաքապետարանի հարակից հրապարակի վրա գտնվող շենքում, որը ավերվել էր առաջին պատերազմի ժամանակ (1988-1994) հրետակոծության հետեւանքով: Պլոկված պատերով փոքրիկ սենյակը նրա համար որպես ննջասենյակ եւ հյուրասենյակ է ծառայում: Տեղի ունեցածը չի տեղավորվում նրա գլխում: «Ես 30 տարի տուն եմ կառուցել: 1990-ին այստեղ պատերազմ եմ եկել: Մենք հաղթեցինք, եւ ես մնացի, քանի որ դա մեր հաղթանակի խորհրդանիշն էր: Բայց հետո մի առավոտ ադրբեջանցի եւ ռուս գեներալները ինձ ասացին. «Դուք պետք է հեռանաք մինչեւ ժամը 17-ը»»,- պատմում է նա:

Մի քանի ժամում նա կորցրել է ամեն ինչ՝ նա այլեւս չի մտնի ոչ միայն տուն, այլեւ անտառ, որն իր համար վաստակի աղբյուր է եղել: Նա կովերին քշել է հարեւանի մոտ, բայց վախենում է նրանց դուրս թողնել՝ նրանք գնում են հին գոմ, ինչը կարող է միջադեպ առաջացնել: Մի անգամ ստիպված է եղել գնալ խոզի ու գոճիների հետեւից, որոնք անցել էին ճանապարհի օտար կողմը: Կենդանիներին վերադարձրել են ռուս զինվորականների ուղեկցությամբ:

Երբեմն Արմեն Հարությունյանը բարձրանում է բլրի վրա, որպեսզի նայի իր տանը: «Ամեն անգամ արցունքները խեղդում են»: Հանկարծ նրա ձայնը խլացնում է բարձր երաժշտությունը: Դրսում մեծ տոնակատարություն է պատրաստվում: Առաջինը՝ պատերազմի ավարտից հետո: Մի քանի ժամից գյուղի վրա 30 մետր կբարձրացվի աղոթած դրոշը: Բնակիչների համար սա կարեւոր խորհրդանիշ է: Նախատեսված է ցույց տալու համար, որ այս հողը նրանց է պատկանում, եւ նրանք չեն հեռանա:

«Այն կերեւա հեռվից»,- ասում է քաղաքապետ Հակոբ Արշակյանը: «Սա կարեւոր է, քանի որ ադրբեջանցիներն արդեն յոթ դրոշ են տեղադրել տարածքում եւ ամեն օր նորերն են ավելացնում: Սա բնակիչների վրա շատ ուժեղ հոգեբանական ճնշումն է ստեղծում»: Առաջիկա շաբաթներին նույնը կանեն Սյունիքի մարզի բոլոր սահմանամերձ գյուղերում: «Սա պարզապես դրոշների շքերթ չէ, այլ գոյատեւման խնդիր»,- ավելացնում է քաղաքապետը:

«Եթե կարողանայի, բոլորին կսպանեի»:

Տոնը սկսվում է: Ամբիոնից բոլոր ելույթները մի ուղերձ են պարունակում. «Դուք պետք է մնաք այստեղ ապրելու համար»: Պահեք հողը՝ հուսալով, որ մի օր ադրբեջանցիներին այստեղից դուրս կշպրտեք: Դրա համար սահմանային բնակավայրերը կընդլայնվեն: Մինչեւ տարեվերջ Շուռնուխում պետք է հայտնվի նոր թաղամաս, որտեղ կտեղավորեն նրանց, ովքեր կորցրել են իրենց տները, ինչպես նաեւ ղարաբաղցի փախստականներին: Այդ թվում՝ Մանյա Ալեքսանյանին ու նրա հարս Մարիամին, ովքեր փախել են մարտերից:

Երբ նրանք եկել են այստեղ, ադրբեջանցի զինվորներ դեռ չեն եղել: Դրանց ներկայության միտքն անգամ նրանց համար «անտանելի» է: 30 տարի առաջ Մանյա Ալեքսանյանն առաջիններից մեկն է վերաբնակեցվել Կուբաթլիում, որտեղից հայկական զորքերը պատերազմից հետո վտարել էին հազարավոր ադրբեջանցիների: «Որդիս այնտեղ է ծնվել: Ես ուրախ էի մի փոքրիկ հայի կյանք պարգեւել այս հողի վրա»:

Հիմա նա ստիպված էր հեռանալ, իսկ նրա ատելությունը ադրբեջանցիների նկատմամբ ավելի ուժեղ է, քան երբեւէ. «Եթե ես կարողանայի, բոլորին կսպանեի: Ես գիտեմ մի ընտանիք, որի որդուն են գլխատել: Եւ նրանք լուսանկարն ուղարկել են մորը: Նա սրտի կաթված է ստացել: Ինչպե՞ս ապրել այդպիսի դեպքից հետո»: Նա քնքուշ նայում է վառարանի մոտ խաղացող իր ութամյա թոռանը: «Նա հաճախ է պատկերացնում, որ ինքնաձիգից կրակում է՝ ձեռքում պահելով մի կտոր փայտ: Ես հպարտ եմ նրանով»:

Բեմում զինվորական համազգեստով երեխաները պարում են «Սրերով պարը»: Նրանց փայտե սրերը բախվում են օդում: Բազմության մեջ ոմանց աչքերն արցունքոտվում են: Զրույցներում նրանք հիշատակում են ռազմաճակատում սպանված 3500 զինվորներին, հազարավոր փախստականներին, կորցրած հողերը, ինչպես նաեւ 74 գերիներին, որոնք մինչ այժմ գտնվում են Բաքվի ձեռքում: Հենց նրանց մասին էր մտածում Ստեփան Մովսեսյանը, երբ դրոշը բարձրացվեց բլրի վրա՝ բուռն ծափահարությունների եւ «զգաստ» հրահանգով քարացած զինվորների հայացքի ներքո: «Մենք նույնիսկ չգիտենք՝ արդյոք նրանց չեն խոշտանգում կամ արդյոք սովամահ չեն անում: Իսկ մենք այստեղ տոնում ենք»,- զարմանում է տարեց հայը: Նա որոշել է մնալ տանը: Բացի այդ, նա ամեն օր դրոշներ է տեսնում պատշգամբից: