Երկրի վարչապետի մասնակցությամբ առավոտյան զավեշտալի զարգացումներ են ծավալվել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց։ Նիկոլ Փաշինյանը ժամանել է գերատեսչություն եւ նրան տեղափոխող ավտոմեքենան հասել է մինչեւ շենքի ներսի բակում գտնվող դուռը՝ կանգ առնելով դռնից սանտիմետրերի հեռավորության վրա: Բանն այն է, որ նախօրեին դաշնակցական երիտասարդներն էին  հայտարարել, թե մտադիր են փակել Փաշինյանի ճանապարհը:

Մինչեւ այդ կառավարության երկրորդ մասնաշենքը դեռևս երկու ժամ առաջ չորս կողմից շրջապատվել էր ոստիկանական ուժերով, երկու կողմից փակվել է Վազգեն Սարգսյանի փողոցը: Մի քանի հարյուր մետր տեղաշարժվելու վարչապետը փաստորեն դուրս էր բերել ոստիկանների հսկայական բանակ։

Մինչդեռ վարչապետի տեղաշարժն արգելափակելու մտադրության մասին հայտարարած երիտասարդ դաշնակցականները մայրաքաղաքի գլխավոր հրապարակ էին եկել ընդամենը երեք հոգով։

Իմքայլկանները դեռ չեն խաղաղվել Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին հայտարարությունից հետո։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է այսօր անդրադարձել Փաշինյանի ինքնակամ հեռանալու և արտասահմանում ապաստան գտնելու առաջին նախագահի առաջարկին։  Ալեն Սիմոնյանը դիմել է առաջին նախագահին խայթելու նույն հնարքին, որը նախօրեին շրջանառության մեջ էր դրել Անդրանիկ Քոչարյանը՝ հիշեցնելով Տեր—Պետրոսյանի և Վազգեն ՄԱնուկյանի վաղեմի կոնֆլիկտը։ Նրա խոսքով՝ առաջին նախագահը մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ 1996 թվականի իրադարձությունների պատճառով:

Սիմոնյանը չի կարծում, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ է արտահերթ ընտրություններին. «ԼՀԿ-ն գտնելու է բազմաթիվ պատճառներ, որպեսզի խուսափի արտահերթ ընտրություններից՝ օգտագործելով այդ ժամանակը իր դիրքը կարեւորելու համար։ Որովհետեւ լավ եմ ճանաչում իրենց գործելաոճը»,- ասել է նա, ավելացնելով, որ կան նաեւ Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր, որոնք պետք է լուծվեն, ռեյտինգային համակարգը պետք է փոխվի:

Արձագանքելով ԱԺ փոխոսնակին, Էդմոն Մարուքյանը պնդել է, որ արդեն մեկ ամսից ավելի ինքը ասում է, որ արտահերթ ընտրություններ պետք էանցկացվեն եւ այդ նպատակով հրաժարվել է իր իր բոլոր նախապայմաններից: Նրա խոսքով, իշխանությունն է, որ իրականում չի ուզում արտահերթ ընտրություններ, հիմա էլ, երբ մյուսները համաձայն են, նոր պայման են առաջ քաշում՝ ընտրության գնալ նոր Ընտրական օրենսգրքով։  ԼՀԿ-ի առաջարկած փոփոխություններն իշխանությունը չի ընդունել եւ կողմ է փակ համամասնական ընտրակարգին:

Մարուքյանը կրկին հիշեցրել է իրենց առաջարկը, արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մինչև հունիսի 1–ը, ինչը նշանակում ՝ մինչև ապրիլի 6–ը Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը դեռևս Փաշինյանի հետ չի հանդիպել։

Գլխավոր դատախազությունը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր անելու հոդվածով:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները շարունակվում են։ «Ազատագրում» շարժման մի խումբ անդամներ փակել են  Երեւանի Պռոշյան փողոցը։ Նրանք փորձել են կանգնեցնել երթևեկությունը, սակայն որոշ վարորդների հաջողվել է շրջանցել ցուցարարներին։ Ժամանել են ոստիկաններ, դուրս բերել ցուցարարներին եւ բացել փողոցը։

Ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցնեն երկկողմ շփումների եւ իրար հետ խոսեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ընդգծելով, որ Ղարաբաղը շատ բարդ թեմա է, եւ այստեղ շատ բան կախված է Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններից: «Նաեւ նոր խաղացողներ եւ հին հարեւաններն են հայտնվում իրենց առաջարկներով: Նկատի ունեմ Իրանը: Ենթակառուցվածքներ, երկաթուղի, հիդրոէներգետիկա, տրանսպորտային հաղորդակցություն: Հարցերը շատ են»,- ասել է Սերգեյ Շոյգուն:

Հայաստան ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես կատարվելու են Ադրբեջանով՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի վերանորոգման պատճառով, հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Ռուսական ընկերությունը Ադրբեջանի տարածքով գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ, փոխանցում է «Կոմերսանտը»: Նորոգումը կավարտվի 3 շաբաթից:

Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանելու պես «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանություն է տարվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խչատրյանի որդին՝ 26-ամյա Տիգրան Խաչատրյանը, որը 2018 թ. օգոստոսի 28-ից հետախուզվում էր։ Նա մեղադրվում է փաստաթղթերի կեղծման և Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածներով։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 854 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 180141-ի: Մեկ օրում մահացել է վիրուսով վարակված 7 մարդ, որոնցից երկուսը մահացել են այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 4123 է:

Ամերիկայի հանրային վայրում հերթական կրակոցներն են հնչել։ Ատլանտայի մերսման սրահում եւ սպա-կենտրոնում կրակոցների հետեւանքով 4 կին մահացել եւ 4 մարդ էլ վիրավորվել է, հիմնականում ասիական ծագմամբ կանայք: 21-ամյա հրաձիգը կալանավորվել է միջադեպից հետո մի քանի ժամ անց հարավային Ջորջիայում:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ, 527.69 դրամ՝ 1 դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.16 դրամով ու կազմել  628.37 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.90 դրամով ու հասել 733.54 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով  ու կազմել 7.22 դրամ:

Մարտի 18-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են կարճատեւ տեղումներ:

Երեւանում սպասվում են ընդհատումներով կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +12+14: