Այս պահի դրությամբ Ամուլսարի շահագործման վերաբերյալ որևէ որոշում ֆիքսված չէ։ Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Ես հենվելու եմ քրեական գործի վարույթով բացված հնարավոր ապօրինությունների, առերևույթ խախտումների վրա, որոնցով էլ կպայմանավորեմ իմ հետագա պաշտոնական գործիքակազմերի իրացումը։ Եթե Քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործը, վերհանի այնպիսի փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն ՇՄԱԳ-ը, մինչ այս տրամադրված վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, ջրօգտագործման թույլտվությունները, ապա ես իմ լիազորություններով ամենախիստ հակադարձումը կանեմ։ Բայց եթե իրավական երկրում նման օբյեկտիվ իրականություն ի հայտ չգա, շրջակա միջավայրի նախարարը որևէ մանդատ չունի միջամտելու այդ գործընթանցին»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ երեք տարվա ընթացքում գործող իշխանությունը չի կարողացել լուծել Ամուլսարի հարցը, նախարարը հակադարձեց․ «Երեք տարի չկա, որ մեր իշխանությունը գործում է հանրապետությունում»։