Հարցը իրավապահների տիրույթում է այժմ եւ զերծ կմնամ այլ մեկնաբանություն տալուց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով այսօր՝ մարտի 18–ին սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։

«Ցավում եմ միջադեպի համար: Լրագրողների նկատմամբ բռնությունն անկախ պատճառներից անթույլատրելի է»,– ասաց Գեւորգյանը։

Իր հերթին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում նույնպես զերծ մնաց գնահատական տալուց՝ ասելով, որ միջադեպի մանրամասներին ծանոթ չէ եւ չի զրուցել Հակոբ Արշակյանի հետ։

«Ես չեմ տեսել, թե հրապարակված տեսանյութից առաջ ինչ է տեղի ունեցել, ինձ դա է հետաքրքրում։ Դա ակնհայտորեն ամբողջական պատկերը չէ։ Մինչեւ չտեսնեմ ամբողջական պատկերը, բնականաբար, չեմ կարող ոչ մի գնահատական տալ»,– ասաց Վահագն Ալեքսանյանը։

Նշենք՝ Հակոբ Արշակյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում գործող սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանը տեսել է, թե ինչպես է նախարարն աշխատանքային իր ժամերն անցկացնում սրճարանում։ Լրագրողը մոտեցել եւ հարցրել է՝ ինչո՞ւ է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանն ասել է, թե գիշերային ժամերին է աշխատում. իր համար բոլոր ժամերն աշխտանքային են: Դրանից հետո նախարարը լրագրողին խնդրել է՝ անջատել տեսախցիկը, լրագրողն անջատել է, որից հետո նախարարը սկսել է սպառնալ նրան։ Այդ խոսակցությունից հետո լրագրողը բարձրացել է վերեւ եւ շարունակել իր աշխատանքը, Հակոբ Արշակյանն էլ նրա հետեւից բարձրացել է վերեւ եւ հարձակվել լրագրողի վրա:

Լրագրողը ցույց է տվել վնասված համակարգիչը եւ վնասված ձեռքը՝ նշելով. «Ահա տեսնում եք, որ ձեռքս է վնասվել: Բացի դրանից Արշակյանը հարվածեց իմ համակարգչին, որի հետեւանքով իմ համակարգիչը կոտրվել է, սեղանին դրված հեռախոսս նույնպես վնսվել է: Այստեղ կան տեսախցիկներ, ես պահանջելու եմ, որ սրճարանից հանվեն այդ տեսագրությունները, եւ ներկայացնելու եմ ոստիկանություն: Սա ընդունեք հաղորդում հանցագործության մասին»։

Ժամեր անց «Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը կադրեր է հրապարակել, թե ինչպես է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սրճրանում հարձակվել լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա:

Տեսանյութում երեւում է, որ լրագրողը նստած համակարգչով աշխատում է, երբ նախարարը մոտենում է, քաշում թեւից, բռունցքով դեմքին հարվածում, ապա հարվածլով՝ վնասում համակարգիչը: