Հունիսի 20-ին Հայաստանում կկայանան արտահերթ ընտրություններ։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետ։ Փաշինյանը նաեւ ավելացրել է, որ այդ հարցում հաշվի է առել նաեւ՝ պետության նախագահի եւ խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ հանդիպումների արդյունքները։ Հիշեցնենք, որ

Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել ու հաստատել հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին պայմանավորվածությունը:

«Ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետում պետք է  ձևավորել նոր իշխանություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահում հաջորդ իշխանությունը»,- գրել է նա:

«Հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է», գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշել է, թե այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։

Արտախորհրդարանական ուժերից ՀՀԿ-ն ասել է, որ իր դիրքրոշումը կհայտնի, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարի ընտրությունների օրը։ Միևնույն ժամանակ, Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու։ Այսօր ավելի վաղ, դեռ մինչև Նիկոլ Փաշինյանը կհայտարարեր արտահերթ ընտրության օրը, ՀՀԿ առաջնորդ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը չի պատրաստվում լքել քաղաքական խրամատը։ Թե ինչ ձևաչափով է լինելու նրա մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին, Սերժ Սարգսյանը չի նշել, այդուհանդերձ, հիշեցնենք, որ իր վերջին ծավալուն հարցազրույցում Սարգսյանն ասել էր, որ ինքը ոչ մի դեպքում Հայաստանում չի լինի ղեկավար պաշտոնում, թեև չէր բացառել իր խոսքով՝ որևէ լուրջ պաշտոնյայի խորհրդական լինելը։ Միաժամանակ Սերժ Սարգսյանն ասել էր՝ եթե առանց Փաշինյանի ընտրություններ լինեն,  ՀՀԿ–ն ակտիվ կմասնակցի։

Արտախորհրդանական ուժերից առաջինը ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը։ Միայնակ են մասնակցելու, թե դաշինքով, դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ թե Հայրենիք, թե Բարգավաճ Հայաստան կուսկցությունները Հայրենիքի փրկության շարժման կազմում են։ Շարժումը դեռ քննարկում չի արել մասնակցության ձևաչափի հարցով, բայց շարժման վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանն ասել է, որ ինքը ոչ մի դեպքում չի մասնակցի դրանց, քանի որ, նրա խոսքով, Փաշինյանի օրոք անցկացված ընտրությունները կատաստրոֆա են լինելու Հայաստանի համար։

Հայ Ազգային կոնգրեսը հայտարարել է՝ գործող «Ընտրական օրենսգրքով»  արտահերթի գնալն անթույլատրելի է։ Մինչև ընտրություններն անհրաժեշտ է փոխել ընտրական օրենսգիրը՝ ընդունելով այս տարվա մարտի 9–ին «Իմ քայլի» կողմից շրջանառության մեջ փոփոխությունների նախագիծը։   «Առանցքային նշանակություն ունի, հատկապես, անցումը պարզ համամասնական ընտրակարգի և այսպես կոչված «ռեյտինգային» համակարգի ապամոնտաժումը, որը ծրագրային հենքի վրա պայքարն ընտրություններում ըստ էության փոխարինում էր փողատերերի եւ կրիմինալ հեղինակությունների մրցակցության»,– ասված է ՀԱԿ հայտարարությունում։

Հունիսի 20–ին արտահերթ ընտրություններ նշանակելու Փաշինյանի հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացրել։ Արդյոք ընտրություններն անցկացվելու են ռազմական դրության պայմաններում, որը պատերազմի ավարտից չորս ամիս անց իշխանությունները համառորեն չեն չեղարկում։  Էդմոն Մարուքյանը, ի դեպ, հայտնել է, որ մոտ օրերս կհանվի նաև ռազմական դրությունը։

Եվս մեկ հարց է՝ թե ինչպես է վարչապետը ընտրությունների օր նշանակում, երբ դա Սահմանադրությամբ վերապահված է նախագահին։

Նշենք, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել վարչապետի հրաժարականի դեպքում, եթե ԱԺ–ը դրանից հետո երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ չի կարողանում նոր վարչապետ ընտրել և իրավունքի ուժով Ազգային ժողովն արձակվում է։ Իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը, այսինքն՝ վարչապետն այսօր արտահերթ ընտրությունների օրը հայտարարելով, փաստացի խախտել է սահմանադրական հաջորդականությունը։

Օրենքը սահմանում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի արձակվելուց հետո՝ ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը ամենաուշը ապրիլի վերջին պետք է հրաժարական ներկայացնի, իսկ Ազգային ժողովը երկու շաբաթվա ընթացքում չընտրի նոր վարչապետ։  Փաշինյանը իր հրաժարականի օրվա մասին դեռ չի հայտարարել։

Նոր շրջադարձ է գրանցվել նաեւ Բանակի գլխավոր շտաբի պետի գործում։ Դատարանը ենթադրաբար պաշտոնանկ արված Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց է կիրառել՝ նրան վերականգնելով պաշտոնում, մինչեւ հայցի բուն քննությունը։ Լուրը տարածվել էր երեկոյան, որն առավոտյան հաստատվել է։

Վարչապետի աշխատակազմն առավոտյան շտապել է պարզաբանում տարածել՝ փորձելով հիմնավորել, որ Օնիկ Գասպարյանը չի կարող վերականգնվել իր պաշտոնում։ Ծավալուն հաղորդագրությունում մանրամասներ են շարադրված հայցը վերադարձնելու, այլ հայցատեսակով փոխարինելու, այն նորից ներկայացնելու մասին։ Վերջում նշվել է, որ «Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ սահմանված ընթացակարգով գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։

Դրանից հետո Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ պաշտոնատար անձի կողմից դատական ակտը չկատարելը հանգեցնում է ընդհուպ քրեական պատասխանատվության։ «Կառավարությունն ասում է՝ թքած ունենք դատական ակտի վրա,–  ասել է նա։ – Վարչական դատարանն ասել է, որ չկա այդպիսի իրավահարաբերություն, որ կարող են Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատել,  եթե հիմա հայցի ապահովում չկիրառի ու այդ ընթացքում ուրիշին նշանակեն, Օնիկ Գասպարյանի՝ 5 տարի անընդմեջ պաշտոնավարման իրավունքը խախտվելու է։

Ի դեպ, Օնիկ Գասպարյանն այսօր վաղ առավոտյան առավոտյան ներկայացել է աշխատանքի։

Mediaport տելեգրամյան ալիքը պնդում է, որ  կառավարության անունից տարածված անհեթեթ տեքստի հեղինականերն են Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ու մերձփաշինյանական փաստաբան, Վահե Գրիգորյանի սանիկ Տիգրան Եգորյանը։

Կառավարությունը, սակայն, չի ընկրկում. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ վարչական դատարանի կայացրած ակտը հարկադիր կատարման ենթակա չէ եւ մենք կունենանք նոր շտաբի պետ։ Նա նաեւ տեղեկացրել է, որ  իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը։ Նրա խոսքով, ՀՔԾ քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ:

Երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսվել է պետական աջակցության ծրագրով հատկացված դիզվառելիքի վատնման գործով դատավարությունը։ Այս գործով որպես մեղադրյալ անցնող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին դատարանի մոտ հավաքված աջակիցները դիմավորել են ծափերով։

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ  երկու տարի առաջ կարված քրեական գործով իրեն անհեթեթ մեղադրանք է առաջադրվել, եւ գործի քննության առաջին նիստին գալով, ինքը դատարանի մոտ հայտարարեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ոմանք, ըստ նրա, տարակուսել են, որ անհեթեթ դիզելի գործի փոխարեն խոսում էր ազգային խնդիրների մասին, մինչդեռ ինքն այդ ժամանակ կանխատեսում էր, թե ինչի համար են այս ապօրինի հետապնդումները։ Այդ հետապնդումները, 3-րդ նախագահի խոսքով, 2018-ից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը։

Արցախը ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ասել է Սերժ Սարգսյանը։ «Ցավոք, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը», ասել է նա։

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ իրենց թիմը շարունակելու է պայքարը ազգային եւ ուժեղ պետության համար:

Բռնությամբ ուղեկցվող արտառոց միջադեպ է գրանցվել բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի մասնակցությամբ։ Լրագրող Փայլակ Ֆահրադյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Արշակյանը հարձակվել է իր վրա։ Երեւանյան մի սրճարանում, լրագրողի պատմելով, ինքը հարցրել է, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամերն անցկացնում սրճարանում, Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, հետո խնդրել է անջատել տեսախցիկը, ապա սկսել սպառնալ: Լրագրողը բարձրացել է վերեւ՝  համակարգչով աշխատելու: Նախարարը եւս բարձրացել է եւ բռունցքներով հարձակվել լրագրողի վրա, վնասել ձեռքը, հարվածել ու փչացրել համակարգիչը։

Ավելի ուշ տարածվել են նաև Արշակյանի կողմից լրագրողի վրա հարձակվելու կադրերը։

Միջազգային հանրությանը փոթորկել է Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը՝ Ռուսաստանի նախագահի մասին. Բայդենը Պուտինին մարդասպան է համարել։ Կրեմլում այն «շատ վատ արտահայտություն» են որակել։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ելնում է նրանից, որ ԱՄՆ առաջնորդը միանշանակ չի ցանկանում հարաբերություններ հարթել Մոսկվայի հետ:

Բայդենի հայտարարությանն արձագանքել է նաեւ Պուտինը: «Ով նման բան է ասում, ինքն է այդպիսին»,-ասել է Պուտինը, հիշատակելով, որ մանուկ հասակում իր միջավայրում ընդունված էր այդպես պատասխանել վիրավորանքին։ Նրա խոսքով՝ ամերիկյան իսթեբլիշմենթում կան շատ արդար եւ կարգապահ մարդիկ, եւ Ռուսաստանը կապավինի հենց նրանց: «Ի՞նչ կպատասխանեի նրան: Ես նրան կասեի՝ առողջ եղիր: Ես նրան առողջություն եմ մաղթում»,- ասել է Պուտինը,  ավելացնելով, որ դա ասում է «առանց հեգնանքի»:

Հայաստանում վերջին 24 ժամում մահացել է կորոնավիրուսով վարակված 26 մարդ, նրանցից 7-ը, սակայն, մահացել է այլ հիվանդությունից։ Մահացածերի ընդհանուր թիվը հասել է 4149-ի։ Մեկ օրում գրանցվել է վարակվելու 1024 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 181165-ի:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.27 դրամով ու կազմել  527.42 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.42 դրամով ու հասել 629.79 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.74 դրամով  ու հասել 736.28 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով  ու կազմել 7.16 դրամ:

Մարտի 19-ին երկրի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Երևանում եւս ընդհատումներով  կարճատև անձրևներ կտեղան: Մայրաքաղաքում գիշերը կլինի 1-3, վաղը ցերեկը 10-12 աստիճան զրոյից բարձր։