Հաղորդակցությունների ապաարգելափակումն ու ընդհանուր առմամբ տնտեսական համագործակցության կարգավորումը շատ կարեւոր նախադրյալ է տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության համար: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, «Հայ-ռուսական ռազմավարական միության արդիական հիմնախնդիրները ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ հսկայական ջանքերի գնով, այդ թվում Ռուսաստանի ղեկավարության ջանքերով, Ղարաբաղում ռազմական գործողությունները հաջողվեց կանգնեցնել, ստորագրել եռակողմ համաձայնագիր, հիմք դնել դժարվ եւ հակասական, բայց եւ կարեւոր աշխատանքի համար տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման նպատակով:

«Այժմ աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքը վերականգնելու, զինված գործողությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ»,-նշեց նա:

Դեսպանը հավելեց, որ այդ ուղղությամբ հսկայական ջանքեր են գործադրվում. տեղակայվել է խաղաղապահ զորախումբ, գործում է հումանիտար արձագանքման կենտրոնը, վերականգնվում է քաղաքացիական ենթակառուցվածքը, ինչը Ղարաբաղի բնակիչներին թույլ կտա վերադառնալ նորմալ կյանքի:

Կոպիրկինն ընդգծեց, որ առկա վստահության գործոնը առանցքային նշանակություն ունի հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում: