Խորհրդարանական ուժերի միջեւ ձեւավորվել է քաղաքական կոնսենսուս եւ նրանք պայմանավորվել են, որ ապրիլի կեսին կլինի վարչապետի հրաժարականը, այդօրվա հաշվարկից սկսած հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրսություններ: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, այդ ընտրությունները պետք են, որպեսզի հնարավորություն լինի դուրս գալու ստեղծված քաղաքական ճգնաժամից. «Միայն այն, որ սկսվեցին բանակցություններ ընտրությունների հետ կապված, լարվածությունը երկրում բավականին նվազել էր եւ շարունակում է նվազել, որովհետեւ քաղաքական միավորները պատրաստվում են սպասվող ընտրություններին»:

Անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեմային, Մարուքյանն ասաց, որ խաղի ընթացքում խաղի կանոնները չի կարելի փոխել. «Օրենսգիրքն ամբողջությամբ հում է, եւ մենք առաջարկում ենք, որ հում օրենսգիրքը չընդունվի եւ դրանով չգնալ ընտրությունների: Եթե փոխում ենք խաղի կանոնները, այն ճգնաժամը, որ ուզում ենք լուծել, կորչում է: Երկրորդ, նոր օրենսգրքով առաջարկվում է ամբողջական համամասնական ընտրակարգ: Սա նշանակում է, որ կուսակցապետերը նշանակելու են պատգմավորներ: Այսինքն իրենք որոշելու են, թե ովքեր են լինելու իրենց ցուցակների անցողիկ տեղերում: Հետեւաբար ժողովուրդը գնալու է ընտրի կուսակցությանը լիդերի համար, սակայն ընտրվելու են պատգամավորներ, որոնց ժողովուրդը չի ընտրում: Մենք առաջարկել էինք, որ լինի ընտրություն համամասնական բաց ցուցակներով, որը չի ընդունվել: Իրենց առաջարկած տարբերակով պատգամավորների 90 տոկոսը լինելու է Երեւանից, իսկ մեր առաջարկածով բոլոր տարածքներից հնարավոր է լինեն պատգամավորներ: Գործող օրենսգրքով էլ կարող են լինել բոլոր տարածքներից պատգամավորներ»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ առաջարկվող օրենսգրքով ժողովւրդն ընտրում է ցուցակը, իսկ թե ով է ընտրվում դա որոշվոըւմ է կուսակցության ներսում. «Դուք այլեւս այդ ցուցակի վրա ազդեցություն չունեք: Դա ժողովրդավարություն չի: Ձեզ ասում են՝ դուք ընտրեք ցուցակը, մենք կորոշենք՝ ով պատգամավոր կդառնա, ձեր գործը չի: Ժողովուրդը պետք է ընտրի պատգամավորներին, ոչ թե նրանք նշանակվեն կուսակցապետռրի կողմից: Մեր առաջարկած տարբերակն ընդունելու դեպքում ընտրություններն ուշանալու են: հետեւաբար պետք է ձեռնպահ մնալ Ընտրական  օրենսգրքին ձեռք տալուց»:

ԼՀԿ ղեկավարը նաեւ ընդգծեց, որ եթե «Իմ քայլը» բերի եւ նոր օրենսգիրքն ընդունի, դրանով մեր հետ ունեցած բոլոր եղած պայմանավորվածությունները ջուրն են լցնելու. «Դրանով նաեւ սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ: Մենք դրանով նոր ճգնաժամ ենք ստեղծելու»: