Իսրայելը եւ ԱՄԷ-ն Աբու Դաբին Հայֆային միացնող երկաթուղու նախագիծ են ծրագրում: Այս մասին հայտարարել է Իսրայելի ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Ավի Սիմհոնը, հաղորդում է Sama գործակալությունը:

Նրա խոսքով՝ երկու երկրներն ուսումնասիրում են ենթակառուցվածքի մի քանի մեգանախագծեր, այդ թվում՝ այս երկաթգիծը: Նա նշել է, որ երկաթգիծը կանցնի Հորդանանի եւ Սաուդյան Արաբիայի միջով՝ հավելելով, որ այս ծրագրի համար հիանալի հնարավորություն կա, քանի որ երկաթուղու մեծ մասն արդեն գոյություն ունի, բացառությամբ Հորդանանում գտնվող 200-300 կիլոմետրի:

Սիմհոնի խոսքով՝ նախագծի իրականացումը կօգնի Իսրայելին մեկ կամ երկու օրվա ընթացքում ապրանքներ առաքել ԱՄԷ՝ Սուեզի ջրանցքով առաքման փոխարեն, ինչը տեւում է մոտ 12 օր: Այդ դեպքում թարմ բանջարեղենն ավելի հեշտ կլինի արտահանել ԱՄԷ շուկաներ: Նա նշել է, որ նախագծին աջակցում է ԱՄՆ-ը։