Նման կերպ ուղղակի ճնշել Սահմանադրական դատարանին, ասել, որ տեսեք՝ հանկարծ մի հատ այնպիսի որոշում չկայացնեք, որ դադարեցվի քրեական հետապնդումը, մատ թափ տալ սահմանադրական դատարանի վրա՝ դա զարմանալի է, նույնիսկ զարհուրելի։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Փաստաբանը նշեց, որ իշխանությունների հետ ուղղակիորեն փոխկապակցված, նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված անձը փաստաբան Տիգրան Եգորյանն է, որը երեկ երեկոյան ճնշումներ է գործադրել.

«Խոսքը գնում է կոնկրետ մեկ օր առաջ ՍԴ-ում գործը քննելու պայմաններում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ ուղղակի փոխկապակցված անձի մասին։ Բողոքի քննությանը նա չի մասնակցում, բայց բոլորս առնվազն պատկերացում ունենք 2018 թվականին հրապարակված գաղտնալսումներից, թե Գրիգորյանը 300.1 հոդվածի քրեական գործի հետ ինչ ուղղակի առնչություն ունի՝ ոչ որպես դատավարական կարգավիճակ ունեցող»։

Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։