Պատերազմի ավարտից 134 օր անց Ազգային ժողովը վերացրեց ռազմական դրությունը Հայաստանում: Նախագիծը ներկայացրել էին ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցությունները:

Միակ դեմ քվեարկածը՝ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը պարզաբանեց՝ այն ժամանակ, երբ ռազմական դրություն հայտարարվեց, դրա հիմքերը չկային, հիմա, երբ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, վերացնում են ռազմական դրությունը:

ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորը նշեց, որ միակ մարդը, որն ի վիճակ է երկիրը դուրս բերել այս վիճակից, Ռոբերտ Քոչարյանն է: Պետրոսյանը ԲՀԿ-ի ցուցակով առաջարկություն ստանալու դեպքում՝ կմերժի։

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է արտահերթ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրքը փոխելու նախաձեռնության մասին։ Նրա խոսքով՝ թեև ընդդիմադիր խմբակցությունների հետ ընտրական օրենսգիրքը փոխելու շուրջ պայմանավորվածություն չկա, սակայն բանակցությունների ժամանակ պարզ է դարձել, որ «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» այդ հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը։ Մեծամասնությունն էլ որոշել է, որ անհրաժեշտ է գնալ Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների: «Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգայինի»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանում կա Զինված ուժերի Գլխավոր շտաբի մեկ պետ, պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ներողություն է խնդրել լրագրող Փայլակ Ֆահրադյանից, նրան հարվածելու համակարգիչը վնասելու համար։ Լրագրողին բռունցքով հարվածած նախարարն այսօր չափից դուրս հարգալից էր լրագրողների հետ, գրեթե սեր խոստովանեց նրանց։

Ահետ կորած զինծառայողի հարազատը քարով կոտրել է կառավարության շենքի պատուհանը։ «Դավաճան Նիկոլ, հետ բեր երեխեքին»,- Mediaport-ի փոխացմամբ՝ արտասվելով բղավել է  քաղաքացին: Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել նրան:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Հրապարակվել է ֆեյսբուքյան մի  օգտատիրոջն ուղարկված նրա  ձայնային հաղորդագրությունները, որում կապիտուլյացիայի ստորագրումից 11 օր անց օգտատերը փորձում է պարզել, թե ինչ իրավունքով է Աննա Հակոբյանը պատերազմի օրերին եղել բունկերում։ Չախոյանը ասել է, որ իրեն էլ են այդ հարցերը հուզում, և ինքն էլ շատ ուզում իմանալ այդ հարցերի պատասխանները՝ չհերքելով Աննա Հակոբյանի ներկա գտնվելը հրամանատարական կետում։

Չախոյանը խոսել է նաեւ Սու կործանիչների անիմաստ գնման, Ապրիլյանից հետո ձեռք բերվելիք սպառազինությունների ցանկը 2018–ից հետո փոխելու, ԱԹՍ-ների դեմ գործուն միջոցներ չձեռնարկելու, կառավարման քաոսի և պատերազմի ելքի վրա դրանց հետևանքների մասին։ Տարոն Չախոյանի քննադատական ձևակերպումները կառավարության վերաբերյալ զարանալի են հատակապես այն պատճառով, որ Չախոյանը սոցցանցերում Փաշինյանի ամենամոլի պաշտպաններից է։

Կորոնավիրուսից մահացել է Արմավիրի մարզից ընտրված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նա 58 տարեկան էր: Վերջին երկու օրերին հիվանդությունը խորացել էր եւ նա հոսպիտալացվել էր:

Վերջին 24 ժամում Հայաստանում մահացել է ընդհանուր առմամբ 17 վարակակիր, որոնցից 3-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 4263 է։ Մեկ օրում վարակվել է 1164 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 186184-ի:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.20 դրամով հասել է 528.32 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.77 դրամով ու կազմել 627.16 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.99 դրամով  ու կազմել 725.44 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 0.04 դրամով  ու կազմել 6.97 դրամ:

Մարտի 25-ին երկրի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Եղանակն առաջիկա օրերին կցրտի 10-12 աստիճանով: Երեւանում սպասվումէ. Դադարներով անձրեւ։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +4-ից +6, վաղը ցերեկը +10-ից +12 աստիճան։