Սիրիայում հասունանում է նոր միգրացիոն ճգնաժամ, հումանիտար աղետը հրահրում են ԱՄՆ-ն եւ նրա արբանյակները, Եվրամիության գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել են Սիրիայի եւ Ռուսաստանի իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Փախստականների վերադարձման համակարգող շտաբների ղեկավարներ Միխայիլ Միզինցեւի եւ Հուսեյն Մահլյուֆի համատեղ հայտարարության մեջ նշված է, որ Նահանգները եւ նրա դաշնակիցները Սիրիայի ժողովրդի դեմ վարում են կոշտ սահմանափակման միջոցառումներ՝ «երկիրը տնտեսապես խեղդելու» եւ միջազգային ասպարեզում նրան մեկուսացնելու համար:

Ծանր տնտեսական վիճակը դանդաղեցնում է Սիրիա փախստականների վերադարձի գործընթացը:

«Միաժամանակ, սիրիական պետությանը ամերիկացիների եւ նրա արբանյակների հասցրած վնասը հանգեցնում է հումանիտար աղետի, որը կարող է առաջացնել նոր միգրացիոն ճգնաժամ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ ներկայումս աճել է օգնության կարիք ունեցող Սիրիայի քաղաքացիների թիվը, իսկ ԱՄՆ-ն եւ արեւմտյան երկրները այս աղետի պատասխանատվությունը չեն ստանձնում»,- նշված է փաստաթղթում:

Ընդգծվում է, որ «լուրջ մտահոգություն» է առաջացնում այն, որ նման իրադրությունը ստեղծվել է Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի նախաշեմին: Համաժողովն անցկացվում է առանց Սիրիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցության եւ «փաստացի որպես հարթակ է օգտագործվում հերթական պատժամիջոցային սահմանափակումների մշակման համար»: