Եվրոպան «նոր տիպի համաշխարհային պատերազմի» է բախվել պատվաստումների հարցում: Այս մասին, ինչպես հայտնում է Le Figaro-ն, ԵՄ վիրտուալ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ասուլիսին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել այդ թվում նաեւ «Ռուսաստանի ու Չինաստանի՝ պատվաստանյութերի միջոցով ազդեցություն գործելու ցանկության» պատճառով: Ֆրանսիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Եվրոպան պետք է անկախ լինի այդպիսի դեղամիջոցների արտադրության հարցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մակրոնը խոստացել է, որ առաջիկա ամիսներին Եվրոպան կավելացնի կորոնավիրուսայի դեմ պատվաստանյութերի արտադրությունը եւ պատվաստանյութերի խոշորագույն արտադրողը կդառնա: Ընդ որում, նա առաջարկել է արգելափակել պատվաստանյութերի արտահանումը, եթե արտադրողը չի կատարում Եվրամիություն մատակարարման իր պարտավորությունները: Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Pfizer ու Moderna ընկերությունները, ի տարբերություն AstraZeneca-ի, հավատարիմ են իրենց պարտավորություններին:

Ներքին շուկայի հարցերով եվրոպական հանձնակատար Թիերի Բրետոնն ավելի վաղ ասել էր, որ Եվրոպային կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կարիք չի լինի, քանի որ Եվրամիության շրջանակներում արդեն չորս այլ դեղամիջոց է հաստատվել, ինչը բավարար կլինի կոլեկտիվ իմունիտետի հասնելու համար: Ավելի վաղ նա ասել էր, որ «Սպուտնիկ V»-ն լավ պատվաստանյութ է, բայց անհրաժեշտ է կարգավորել դրա արտադրությունը Եվրամիությունում, եւ Ռուսաստանը կարող է օգնության կարիք ունենալ այդ հարցում:

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին չի բացառել, որ ԵՄ-ի ներսում կոորդինացման բացակայության դեպքում Հռոմը կարող է պատվիրել ռուսական պատվաստանյութը: Ինչպես նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵՄ-ն պետք է օգտագործի «Սպուտնիկ V»-ն, եթե ԵՄ-ն չպատվիրի պատվաստանյութը, Գերմանիան դա ինքնուրույն կանի: