Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի իր ցուցակով, եւ այն, բնականաբար, կգլխավորի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին մարտի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ ինչ վերաբերում է ընտրական համակարգին, ապա, քաղաքական գործչի խոսքով, այդ հարցի լուծումը վերապահվում է իշխանությանը, քանի որ խորհրդարանում ձայների բացարձակ մեծամասնություն ունի:

«Խաղի այսպիսի կանոնները նրանք են սահմանել: Ցանկացած դեպքում «Բարգավաճ Հայաստանը» ընտրություններին կմասնակցի: Մեզ համար ավելի կարեւոր է, որ այդ ընտրությունները լինեն ազատ եւ ազնիվ, որ վարչական ոչ մի ռեսուրս չկիրառվի, ինչի մասին մեզ արդեն հայտնում են»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս պահին իրենց համար ավելի կարեւոր է վերջին շրջանում երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամի կարգավորումը: