Մարտի 1–ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է. ՍԴ-ն արձանագրեց եւ Սահմանադրությանը հակասող ճանաչեց չարաբաստիկ 300.1 հոդվածը։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:

«Ես ցավում եմ, որ սա տեւեց 3 տարի, որ այս ամեն ինչը իրավական պրոցեսների տանջանք, դաժան, բարդ ճանապարհի արդյունք էր, բայց ի վերջո, ճշմարտությունը հաղթեց»,-ասաց նա:

Վարեւանյանը հիշեցրեց, որ 2018-ի սեպտեմբերից իրենք նշում էին 300.1 հոդվածի ոչ որոշակի լինելու մասին. «Ափսոս, որ դա 2021 թվականին արձանագրվեց: Բարձր դատարանը գտնվեց իր բարձրության վրա: Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այդ քրեական հետապնդումը դադարեցվելու է: ՍԴ-ի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից: Այն կհրապարակվի երեք օրվա ընթացքում: Պարոն Խունդկարյանը պատճառաբանական մասի հետ կապված ունի հատուկ կարծիք, եւ փաստորեն ՍԴ-ի մյուս դատավորները հատուկ կարծիք չունեն:

Նրա խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է: ՍԴ-ի որոշման ուժով, բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն եւ ենթակա են վերանայման՝ 2019 թվականից սկսած: Քրեական օրենսգրքում այլեւս 300.1 հոդված չկա, իսկ եթե չկա հոդված, չկա նաեւ հանցանք»,-ասաց պաշտպանը:

Նա հավելեց, որ դատական նիստին իրենք փաստաբանական թիմով կներկայացնեն միջնորդությունը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՍԴ-ն հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ որոշումը:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց. «ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնումհրապարակման պահից»: