Մեքսիկայի կառավարությունը խոստովանել է, որ երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների իրական թիվը գերազանցում է 321 000 մարդը, ինչը շուրջ 60 տոկոսով ավելին է պաշտոնական ցուցանիշներից՝ 201 429 մարդ, հաղորդում է DW-ը:

Մեքսիկան գրեթե չի անցկացնում թեստավորում, իսկ քանի որ հիվանդանոցները եղել են գերծանրաբեռնված, բազմաթիվ մարդիկ մահացել են տանն առանց կորոնավիրուսի թեստ հանձնելու:

Իրական թիվը պարզելու համար պաշտոնյաները ստուգել են «հավելյալ մահացությունն» ու մահվան մասին վկայականները:

Հավելյալ մահացության ցուցանիշներչը որոշվել են տվյալ տարի մահվան ցուցանիշներն անցած տարիների թվերի հետ համեմատելու հիման վրա:

Որոշ փորձագետներ պնդում են, որ կորոնավիրուսը, հնարավոր է, նաեւ նպաստել է բազմաթիվ այլ հավելյալ մահերի ցուցանիշների ավելացմանը, որոնք հաշվի չեն առնվել զեկույցում, քանի որ բազմաթիվ մարդիկ չէին կարող բուժում ստանալ այլ հիվանդությունների դեմ, քանի որ հիվանդանոցները գերծանրաբեռնված էին:

Մահացության մակարդակով Մեքսիկան կարող էր մրցել Բրազիլիայի հետ, որը ներկայում զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում մահվան ցուցանիշների թվով ԱՄՆ-ից հետո: