1991 թվականին տրվեց Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու կառուցման մեկնարկը: Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընտրվեց եկեղեցու կառուցման վայրը և հենց նրա օրհնությամբ էլ նորակառույց եկեղեցին կոչվեց Սուրբ Թադեոս առաքյալի անունով: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով եկեղեցու կառուցման աշխատանքները մոտ 12 տարի դադարեցվեցին և միայն 2005 թվականին բարերար Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ սկսվեցին շինարարական բուռն աշխատանքները: 2015 թվականին եկեղեցու կառուցումն ավարտին հասցրեցին նրա որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները: Սուրբ Թադեոս եկեղեցու ճարտարապետներն են Արթուր և Անահիտ Թարխանյանները: Եկեղեցին եռաստիճան է, տարբերվում է իր կոմպոզիցիայով և ծավալատարածական լուծումներով: Ներքին տարածքը ձևավորված է երկու խաչվող քառակուսիներով, որոնք խորհրդանշում են հավերժությունն ու հավատի մաքրությունը: Եկեղեցին դրսից և ներսից երեսպատված է յուրահատուկ ոճով:

Եկեղեցու բարձրությունը մինչև գմբեթի խաչը  33 մետր է, ինչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքը: Եկեղեցու պարսպին փորագրված են աստվածաշնչյան 33 պատգամները: Ոչ պակաս տպավորիչ է նաև Մեծ եղեռնի սրբադասված 1,5 միլիոն նահատակների հիշատակին նվիրված խաչքարը, որը տեղադրվել է 2016 թվականի ապրիլի 24-ին եկեղեցու բակում՝ բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ: Խաչքարը կերտված է մեկ ամբողջական տուֆ քարից: