Հնարավոր չէ, որ որեւէ մեկը, մեկ կամ երկու կուսակցություն երկիրն այս իրավիճակից միայնակ հանեն: Այս մասին aravot.am կայքին եւ «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ինքը մեկ սեղանի շուրջ էր հրավիրել վարչապետին, խորհրդարանական խմբակցություններին, արտախորհրդարանական ընդդիմությանը, բայց բոլորը չհավաքվեցին. ինչո՞ւ:

«Կարծում եմ՝ հարցն իրենց պետք է տաք: Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել: Ցավում եմ: Չեմ կարծում, որ չեմ շարունակելու ոչ միայն շփվել բոլորի հետ, այլեւ փորձել, որ ի վերջո ինչ-որ ներդաշնակության, համաձայնության, փոխզիջումների եւ հանդուրժողականության գանք: Առանց դրա հնարավոր չէ։

Ինձ համար նշանակություն չունի, որ որոշ քաղաքական ուժեր, կուսակցություններ նույնիսկ իրենց անհարգալից են պահել, քանի որ ես, որպես նախագահ, իրենց արտահայտությունները թողնում եմ մի կողմ, նայում եմ այն իրավիճակին, որ գոյություն ունի այսօր մեր երկրում եւ այն մարտահրավերներին ու խնդիրներին, որ այսօր ունենք: Նորից եմ ասում՝ անձնավորելը սխալ է, հետեւաբար, ես ինչպես փորձել եմ բոլորի հետ շփվել, այդպես էլ շարունակելու եմ՝ կոչ անելով, որ երկխոսություններ լինեն, մարդիկ հանդուրժող լինեն: Ուրիշ ճանապարհ չունենք,- պատասխանել է նախագահը։

Արմեն Սարգսյանի խոսքով՝ հնարավոր չէ, որ որեւէ մեկը, մեկ կամ երկու կուսակցություն երկիրն այս իրավիճակից միայնակ հանեն. «Բոլորիս ներդրման անհրաժեշտությունը կա: Կարիք կա, որ բոլորս կարգապահ ձեւով ամեն օր մեր աշխատանքով ներդրում ունենանք մեր տունը վերակառուցելու գործում: Հետեւաբար, եթե նույնիսկ գնում ենք ընտրությունների, որովհետեւ երեք խորհրդարանական կուսակցությունները որոշել են, հուսով եմ, որ ամբողջ ընթացքում, բուն ընտրություններին եւ դրանից հետո մենք բոլորս մեզ կպահենք քաղաքակիրթ ձեւով»։