Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը այլեւս փաստաբանի կարիք չունի: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առայժմ դեռ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը իր որոշման մեջ աներեր մնաց եւ հրաժարվեց դատախազների բացակայությամբ դադարեցնել ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը, չնայած ՍԴ որոշմանն այն մասին, որ հոդվածը հակասում է Սահմանադրությանը եւ անվավեր ճանաչելուն:

Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը բազմիցս հայտարարել է անօրինական քրեական հետապնդման, քննության ընթացքում եւ դատարանում խախտումների մասին:

«Գործում աննշան փաստ իսկ չկա այն մասին, որ Յուրի Խաչատուրովը ինչ-որ ապօրինի բան է արել,- շեշտեց Պողոսյանը: Նա նշեց, որ իրենց հայտնի չէ միջնորդության բնույթը, որը մտադիր են ներկայացնել դատախազները, բայց դա նշանակություն չունի:

«Այս պահին իրականացվում է անօրինական քրեական հետապնդում: Մենք պարտավոր չենք սպասել, մինչ դատախազությունը ինչ-որ միջնորդություն ներկայացնի: Քրեական հետապնդման դադարեցման մասին որոշումը պետք է կայացվեր անմիջապես ՍԴ որոշումից հետո»,- հայտարարեց փաստաբանը:

Պողոսյանն իրավական առումով բացառում է նոր մեղադրանքը կամ վերաորակումը, քանի որ բոլոր ժամկետներն անցել են, եւ ոչ մի հիմք չկա նոր մեղադրանք հորինելու համար: Նա, սակայն, չբացառեց, որ երկրի քաղաքական ղեկավարության մտքով ինչ ասես կարող է անցնել քաղաքական նկատառումներով հետապնդումը շարունակելու համար: