ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԳՇ նախկին պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի փաստաբանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն կներկայացնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Հարությունյանի փաստաբան Կարեն Սարդարյանը:

«Մենք արդեն պատրաստում ենք միջնորդությունը: Ծրագրում ենք մինչեւ օրվա վերջ ներկայացնել»,-հայտնեց փաստաբանը:

Գեներալ-գնդապետ Հարությունյանը մեղադրվում է ՔՕ 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգի տապալում) , որը Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական:

Իր ժամանակին քննչական մարմինը որոշում է կայացրել նրա ձերբակալության մասին: Քանի որ Հարությունյանը Հայաստանում չի գտնվել, որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Նախօրեին երեկոյան ՍԴ-ն հրապարակել է 42-էջանոց որոշման լրիվ տեքստը: ՍԴ որոշման եզրափակիչ մասը հրապարկվել է անցած շաբաթվա վերջին: ՍԴ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: Պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի Սահմանադրությամբ, եւ փորձել են փոխել մեկ այլ Սահմանադրությամբ:

Առանձին վարույթի շրջանակում մեղադրյալների թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Փաստացի, ՍԴ որոշումը ենթադրում է երեք գեներալ-գնդապետների՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման անհապաղ դադարեցում:

Ռոբերտ Քոչարյանին եւ Արմեն Գեւորգյանին կոռուպցիոն բնույթի «հավելյալ» մեղադրանքներ են առաջադրվել:

ՀՀ ԳՇ նախկին պետը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությանը ներգրավվածության մեջ