Կալանավորված ադրբեջանցի լրագրող, Azel.Tv կայքի խմբագիր Աֆղան Սադիգովի կինը՝ Սեւինջ Սադիգովան, համացանցում եւ մեդիայում հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ պնդելով իրավապահ մարմինների կողմից շանտաժի մասին, որոնք իր լոգասենյակում տեսախցիկ են տեղադրել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ինձ սպառնում են ինտիմ տեսանյութերի տարածմամբ՝ կարծելով, որ այդ ճանապարհով կվախեցնեն ինձ»,- ասել է Սադիգովան: Նրա խոսքով՝ իր վրա ճնշում է գործադրվում, որ ամուսնուն ստիպի դադարեցնել հացադուլը: Սադիգովան, սակայն, աջակցում է հացադուլի դիմած ամուսնուն: Դրանից հետո սկսել են Սադիգովային սպառնալ: «Ինձ ակնարկել են, որ երեխաս «կարող է ընկնել 16-րդ հարկից»»,- նշել է նա:

Երկրի Գլխավոր դատախազությունը Սադիգովային նախազգուշացում է կատարել՝ նրա խոսքը զրպարտանք անվանելով, եւ զգուշացրել է նման գործողությունները շարունակելու դեպքում պատասխանատվության մասին:

Աֆգան Սադիգովը կալանավորվել է 2020 թվականին՝ xeberfakt.az կայքի խմբագիր Սաքիթ Մուրադովի հետ 10 հազար մանաթ կաշառք վերցնելու մեղադրանքով: Սակայն այս փաստով դատապարտվել է միայն Աֆգան Սադիգովը: Նա 7 տարով ազատազրկվել է: Իրեն ազատելու Վերաքննիչ դատարանի մերժումից հետո նոյեմբերի 3-ին Աֆգան Սադիգովը հացադուլ է սկսել: Որոշ ժամանակ անց բժիշկները սկսել են նրան արհեստական սնուցում կատարել: