Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն է նշանակվել Տիգրան Զարգարյանը: Այս մասին այսօր` հունիսի 17-ին, NEWS.am թղթակցին հայտնեց Մշակույթի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:

Տիգրան Զարգարյանը ծնվել է 1954 թ. փետրվարի 25-ին, Երևանում,սովորել է Երևանի ճարտարագիտական համալսարանում, մասնագիտացումը` գրադարանների եւ արխիվների թվայնացում եւ կառավարում։ Ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ։

Մասնակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանցի նախագծման աշխատանքներին։1994 - 2003 թթ. աշխատել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ, ապա` ԵՊՀ գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ:

2006թ. եղել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրենը: 2007-2009թթ. աշխատել է eIFL-FOSS (ազատ կոդերով ծրագրաշարեր) միջազգային ծրագրի համակարգող, իսկ ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում 2008թ «Գրադարանային գործեւտեղեկատվական աղբյուրներ» ամբիոնի վարիչը:

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ծանուցագրեր է ուղարկել 13 տարի Ազգային գրադարանը ղեկավարած Դավիթ Սարգսյանին եւ Երաժշտական գրադարանը 15 տարի ղեկավարած Գուլիկո Նահատակյանին, եւ տեղեկացրել, որ նրանց հետ աշխատանքային պայմանագրերն այլեւս չեն շարունակելու: Ըստ այդմ, գրադարանների տնօրեններն աշխատանքի մեջ կգտնվեն մինչեւ սույն թվականի հունիսի 17-ը: Ծանուցագրերն անսպասելի են եղել տնօրենների համար, իսկ աշխատանքից ազատելու մասին պատճառներն` անհայտ: