Երկու տարուց ավելի մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում սահմանադրական կարգ, որպես այդպիսին գոյություն չունի: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիրներից Միհրան Հակոբյանը:

«Կա ցեղապետության նման մի երեւույթ Հայաստանում, որի ղեկավարը փորձում է իր խնդիրներն առաջ տանել զոռբայությամբ եւ տարատեսակ բռնի, անբարոյական մեթոդաբանությամբ:

Այն, որ Քոչարյանի գործ կա, «Մարտի 1»-ի գործ չկա, դրա մասին խոսվում է երկու տարուց ավելի: Երկրորդ նախագահին գործող իշխանությունները փորձել են եւ ամեն գնով դատապարտել: ՍԴ-ի միաձայն որոշումը վառ ապացույցն էր, որ «Մարտի 1»-ի գործ գոյություն չունի, գոյություն ունի Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով դատելու գործ: Նիկոլ Փաշինյանը երկիրը չի կառավարել, նա փորձել է իր չաշխատելը, ձախողումները բացատրել նրանով, որ ինքը պայքարում է նախկին ռեժիմների դեմ: Ես չգիտեմ, այդ քանակի ապուշներ Հայաստանում կան, թե չկան, որ այդ մոտեցումն աշխատի, բայց իմ տեսածով, շփումներով, կարող եմ ասել, որ ՀՀ-ում այդ քանակի ապուշներ գոյություն չունեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ստերին, կեղծիքներին եւ անբարոյականությանը հավատան»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը սահմանադրական ճանապարհով գործելով ձախողվում է, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լինել իշխանություն, Միհրան Հակոբյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը քաղքական ինքնասպան է, դրա համար է այդպես գործում, իսկ ընդդիմադիրները անհատապես եւ խմբային առումով գործում են իրենց պատկերացրածի եւ իրենց շահերին համահունչ: Դա նորմալ երեւույթ է, ամեն մեկն ինքն է որոշում իր ռազմավարությունը: Միգուցե այլ ժողովուրդների մոտ, միգուցե պատմական այլ շրջափուլերում նման աղետի հասցրած իշխանությանը առանց դատ ու դատաստանի հրապարակի մեջտեղում կախաղանի բարձրացնեին: Հայաստանում այդպես չեղավ բազմաթիվ պատճառներով, որի գնահատականները հետո կտան պատմաբանները: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ սահմանադրական խաղ խաղալը, այդ ճանապարհով գնալը որոշակիորեն արդյունավետության հետ կապված խնդիրներ է առաջացնում: Դա շատ մոտ ապագայում պարզ կլինի բոլորի համար: Որովհետեւ, երբ դու փորձում ես խաղալ մի խաղի կանոններով, որը քո մրցակիցը չի ընդունում, եւ նրա խաղի կանոնները կանոնների բացակայությունն է, դժվար է այդ պարագայում հաջողել»: