Շուշիին հասցված «Իսկանդերի» հարվածի հետեւանքով կարող էր մինչեւ 500 ադրբեջանցի զինվորական զոհվել: Այս մասին հայտնում է @wargonzo Telegram-ալիքը՝ հղում անելով երկրի ուժային կառույցներում աղբյուրներին:

«Հարվածը հասցվել է մի օբյեկտի, որտեղ Արցախի Պաշտպանության բանակի հետախուզությունը հայտնաբերել է հակառակորդի մեծ թվով ուժեր»: «Հրետակոծության ընթացքում, որի ժամանակ օգտագործվել է «Իսկանդերը», նկուղում մոտ 500 ադրբեջանցի զինծառայող է եղել: Նրանց մի մասը թուրքամետ ահաբեկչական խմբավորումների վարձկաններ էին, որոնք սակայն Ադրբեջանի փաստաթղթեր են ունեցել: Զոհվածների մարմինները մի քանի օր հանել են փլատակների տակից: Սակայն Բաքվի պաշտոնական ներքին զեկույցներում այլ թվեր կարող են լինել: Սպանված զինյալների վերաբերյալ տվյալներն, իհարկե, վիճակագրությունն ինքնին չեն լրացնում: Սակայն, ընդհանուր առմամբ, «Իսկանդեր» հրթիռային համակարգերի արդյունավետության մասին կասկածներ լինել չեն կարող: Չնայած հայ բարձրաստիճան անձանց օդիոզ հայտարարություններին: Միայն անհասկանալի է, թե ինչու է «Իսկանդերը» օգտագործվել միայն մեկ անգամ»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր, հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալությանը, հաղորդել են Շուշիում երկու «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման մասին:

Նշենք, որ նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմն «Իսկանդեր» է օգտագործել: Ադրբեջանը չի արձանագրել Հայաստանի կողմից ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի օգտագործում: Այդ մասին նա ասել է փետրվարին տեղական եւ արտասահմանյան լրագրողներին տված մամուլի ասուլիսի ժամանակ: