ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետեւանքով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

«Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։

Մինչդեռ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի  հոգաբարձուների խորհուրդների կազմում։

Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ միգու՞ցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ:

Հ.Գ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝  կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետեւանքով»,- գրել է նա։

Ավելի վաղ ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կառավարությունը եւ ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։

Էմին-Տերյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ նիստին Կառավարությունից եւ ԿԳՄՍՆ-ից ոչ ոք չի մասնակցում։

Նշենք, որ այսօր՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 հարցով։

Կառավարությունը եւ ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը. խոսնակ