Ադրբեջանը քաղաքական բռնաճնշումներով ԵԽ երկրների թվում առաջատարն է:

Ինչպես հայտնում է Turan-ը, այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ամենամյա զեկույցում:

Մինչեւ 2020 թվականի ավարտը նախարարների կոմիտեում դիտարկվում էր նման 12 գործ, այդ թվում՝ 6-ն ընդդեմ Ադրբեջանի, 2-ական՝ ընդդեմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի, եւ 1-ական՝ ընդդեմ Վրաստանի եւ Թուրքիայի: Միեւնույն ժամանակ, 2020 թվականին Ադրբեջանում երկու գործերով՝ Իլգար Մամեդով եւ Ռասուլ Ջաֆարով, կառավարությունը կատարել է ՄԻԵԴ-ի որոշումները, իսկ մյուս դեպքերում հայտատուների իրավունքները չեն վերականգնվել:

Մասնավորապես, դա «Մամեդլի խմբին» վերաբերող ՄԻԵԴ-ի որոշումների չկատարումն է (իրավապաշտպաններ Անար Մամեդլի, Ինթիգամ Ալիեւ, Խադիջա Իսմայիլովա, Նիդա շարժման ակտիվիստներ Զաուր Գուրբանլի, Ռաշադ Հասանով, Ռաշադաթ Ախունդով, Ուզեիր Մամեդլի, Բայրամ Մամեդով, Գիյաս Իբրահիմով եւ «Հանրապետական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի անդամ Նաթիգ Ջաֆարլի):

2020-ի ավարտին Ադրբեջանն ակնկալում էր գործերի վերաբերյալ 235 որոշումների կատարում, ինչը 24%-ով ավելին է, քան 2019-ին (189):

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում 2020 թվականին փակվել է 6 գործ, ինչը զգալիորեն պակաս է, քան 2019-ին (16):  

2020-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանին պարտադրված «արդարացի փոխհատուցումը» կազմել է 803 726 եվրո, այն դեպքում, երբ 2019 թվականին այդ գումարը եղել է 707 010 եվրո: