Հայաստանը պատմություն է կերտում. Ֆուտբոլի մեր հավաքականը մունդիալի ընտրական փուլում 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ այսպիսով, միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Ռումինիայի հետ տնային հանդիպման գոլազուրկ առաջին խաղակեսից հետո հայկական թիմի իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսը թարմ ուժեր մտցրեց խաղադաշտ՝ փոխարինելով միանգամից 3 խաղացողի։ Դաշտ դուրս եկած ռուսաստանցի Էդուարդ Սպերցյանը կտրուկ հակագրոհի ժամանակ բացեց խաղի հաշիվը, մի քանի րոպե անց ռումինացիները երկու գոլ խփեցին եւ կարողացան դիմանալ մինչեւ 86-րդ րոպեն։ Խաղավարտից 4 րոպե առաջ Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ թիմի ավագի թեւկապը կրող կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտնվեց կրակագծում եւ հավասարեցրեց հաշիվը, եւս մեկ րոպե անց, Հայստանի ընտրանին 11-մետրանոց տուգանայինի իրավունք ստացավ, որը հստակ իրացրեց հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Տիգրան Բարսեղյանը։ «Սա մեր երկրի հաղթանակն է», խաղից հետո կատարվածը բնորոշեց Կապառոսը։

Ազգային թիմի հաղթանակի առիթով ֆեյսբուքյան գրառում արեց Նիկոլ Փաշինյանը։ «Հաղթել պարտություններից հետո, հաղթել պարտվելիս, տանել կամային հաղթանակ։ Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին եւ մեր բոլոր ընկած եղբայրներին», գրել էր նա եւ տեսանյութ հրապարակել Հանրապետության հրապարակից։ https://news.am/arm/news/636701.html Վարչապետի գրառումը սուր արձագանք ստացավ ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում։ Մեկնաբանություններում Փաշինյանը քննադատվեց հայրենիքի կորուստն ու հազարավոր զոհերը ֆուտբոլային հաղթանակի հետ համեմատելու համար։

Ընտրություններին ընդառաջ իշխանությունները հապճեպորեն՝ մի քանի ժամում փոխեցին ընտրական օրենսգիրքը։ Արտահերթ նիստում միանգամից երկու ընթերցմամբ փոփոխությունը ընդունվեց իշխանական պատգամավորների կողմ քվեարկությամբ։ ԲՀԿ–ն ի սկզբանե նիստին ներկա չէր, իսկ ԼՀԿ–ն էլ մասնակցում էր, բայց չքվեարկեց։ Այսպիսով, առաջիկա ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընտրությունների լեգիտիմությունն այլեւս կասկածի տակ է։

Հանրային հարթակներում դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ կառավարության նոր որոշումը, որը գործադիրն ընդունել է չզեկուցվող հարցերի շարքում։ Ըստ այդմ պետական պաշտոնյաների ու ծառայողների ընտանիքի անդամները մարզասրահներ կայցելեն սոցփաթեթի շրջանակում, այսինքն հարկատուների հաշվին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն կնպաստի պաշտոնյաների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձեւավորմանը եւ ֆիզիկական կոփմանը»:

Լրագրողին բռունցքով հարվածած՝ Հակոբ Արշակյանի փոխարեն բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը կղեկավարի Հայկ Չոբանյանը, որն այսօր ազատվել է Տավուշի մարզպետի պաշտոնից ու տեղում նշանակվել նախարար։ Արշակյանը նախարարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել երեկ։

Ձվի գինը մոտ օրերս չի իջնի։ Հակամոնոպոլ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը, որն ընդամենը 3 օր առաջ ասել էր՝ մինչեւ Զատիկ հավկիթը կէժանանա, այսօր լրագրողներին ասել է, թե իրենց գործառույթի մեջ չարաշահում հայտնաբերելու դեպքում միայն վարույթ հարուցելն է մտնում։ 

Սկանդալային արձագանքներ է ստացել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի եւ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հանդիպումը։ Դաշնության դրոշը գլխիվայր է դրված եղել սեղանին եւ նմանվել Սերբիայի պետական խորհրդանիշին: Վստահաբար արարողակարգային անփութությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել։

Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 1097 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 193736-ի: Բուժվողների թիվն ավելացել է 454-ով ու հասել 15622-ի: Անցած մեկ օրում մահացել է 26 վարակակիր, նրանցից 8-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 4433 է:

Երկուշաբթի օրվանից Հայաստանում հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստվել AstraZeneca պատվաստանյութով։ Լրագրողների հետ զրույցում նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է այդ պատվաստանյութից մի շարք երկրների հրաժարվելուն եւ գրանցված մահվան դեպքերին։

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում. Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարանում իրավապահները հայտնաբերել են 27-ամյա կնոջ եւ նրա 7-ամյա դստեր դիերը։  Նախնական տվյալով, նրանք մահացել են գազի թունավորումից։

Ամերիկացի քաղաքագետ եւ հայտնի միջազգային մեկնաբան Յան Բրեմերը, վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրները, ասել է, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Նա կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը կճանաչի Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանություն»,- նշել է Բրեմմերը եւ ավելացրել. «Էրդողանը ստիպված է բախվել ԱՄՆ-ից բխող եւս մեկ դիվանագիտական մարտահրավերի:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.97 դրամով հասել է 532.14 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.67 դրամով ու հասել 624.63 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.64 դրամով ու կազմել 732.70 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել 7.01 դրամ:

Ապրիլի 2-ին երկրի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ: Երևանում եւս հնարավոր է կարճատև անձրև: Մայրաքաղաքում գիշերը կլինի +5-ից +7, վաղը ցերեկը 15-ից 17 աստիճան տաքություն։