Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը դատավարությունն սկսել է փաստաբանների եւ դատախազների պահվածքի քննարկումից: Մարտի 23-ի նիստում Քոչարյանի փաստաբաններն ի նշան բողոքի լքել էին նիստերի դահլիճը, նախորդ նիստին էլ դատախազները ներկա չէին:

Փաստաբան Վարդեւանյանը հայտարարել է, որ պատճառը դատարանի անօրինական պահվածքն է: Փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին առաջարկել է նախ բացառել կազմակերպչական կարգի խախտումները, ապա հիշեցրել, որ դատավորը չի հայտարարում՝ ինչ գործ է քննվում, ինչպես դա պահանջում է կարգը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն իր բացակայությունը բացատրել է միջնորդություն պատրաստելով: Դատավորը պատժամիջոց է սահմանել երկու կողմի նկատմամբ էլ։

Փաստաբանների ու դատախազների միջեւ վիճաբանություն է ծագել, երբ մեղադրողը դատարանին դժգոհել է փաստաբանների ռեպլիկների կապակցությամբ։

Երկարատեւ ընդմիջումից հետո վերադառնալով՝ Աննա Դանիբեկյանը սկսել է կարծիքներ հարցնել Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի, նաեւ նրանց փաստաբանների բացակայության մասին: Նորից կողմերի միջեւ վիճաբանություն է սկսվել. դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասել է, թե քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում ընդունել հնարավոր չէ, մեղադրյալների եւ փաստաբանների բացակայության պատճառով։  Վիճաբանությունը շարունակվել է մի քանի ժամ։

Ի վերջո, փաստաբանները միջնորդություններ ներկայացրին Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Իր որոշումը դատարանը կհրապարակի ապրիլի 6-ին։

Մինչ դատարանում ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, գլխավոր դատախազն այդ գործով դիմել է Սահմանադրական դատարան, որով վիճարկում է քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների համապատասխանությունը Սահմանադրության մի շարք դրույթների։ Դատախազությունը դժգոհ է, որ ՍԴ–ի կողմից 300.1 հոդվածի վերացումը մեղադրողին ու դատավորին հնարավորություն չի տալիս մեղադրանքը փոփոխել ու վերաորակել ամբաստանյալի արարքը։

2016-ի քառօրյա պատերազմի տարելիցի առիթով հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար «Եռաբլուր» այցելած ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պատերազմում «Իսկանդերը» կիրառելու մասին հարցին պատասխանից խուսափել է, պատճառաբանելով, որ այն հրապարակման ենթակա չէ: Տարածաշրջանի պետությունների, այդ թվում Թուրքիայի նկատմամբ մեր կեցվածքը վերանայելու՝  Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին հարցին Դավթյանն արձագանքել է. «Վարչապետի ասածները ԳՇ պետը չի մեկնաբանում»։

Թուրքիայի հանդեպ դիրքորոշման փոփոխության մասին հարցին պատասխանելուց խուսափել է նաեւ պաշտպանության նախարար  Վաղարշակ Հարությունյանը. «Ոտքի վրա այդպիսի հարցերի չեմ պատասխանում . բոլոր այդ հարցերի պատասխանը կտրվի», ասել է նա: «Եռաբլուր» են այցելել նաեւ հանրապետության նախագահը եւ Ազգային ժողովի նախագահը։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Ֆեյսբուքով տեղեկացրել է, որ ապրիլի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։ Գևորգյանը նշել է, որ բացի անձնական ընդունելություններից եւ հանրային միջոցառումներից, Նիկոլ Փաշինյանն աշխատում է պլանային օրակարգով։ Փաշինյանն, ըստ ամենայնի, նաև Մայր տաճարում չի մասնակցի Քրիստոսի հրաշափառ հարության տոնի պատարագին։

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 52 զինծառայողների անունները: Արցախի Բանակի պաշտոնական տվյալներով՝  հայկական կողմից զոհվածների թիվը հասել է 2754-ի:

Հայ ժողովուրդը հրաժեշտ է տվել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ-մայոր Արկադի  Տեր-Թադևոսյանին՝ լեգենդար Կոմանդոսին: Նշանավոր ռազմական գործչի հոգեհանգիստը տեղի է ունեցել մարզահամերգային համալիրում: Ապրիլի 3-ին, ժամը 11-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ, իր կամքի համաձայն նա կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում՝ նույն օրը, ժամը 13-ին: Կոմանդոսի ընտանիքի խնդրանքն է՝ ծաղկեսպասկների համար նախատեսված գումարը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 1116 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 194852-ի: Մեկ օրում մահացել է COVID-ով վարակված 23  մարդ, որոնցից 4-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 4456 է: Հայաստանում նաեւ հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամի 10 դեպք։

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-ից 7-ը օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 8-10 աստիճանով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 1.03 դրամով հասել է 533.17 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.39 դրամով ու հասել 628.02 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.89 դրամով ու հասել 737.59 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով  ու կազմել 7.00 դրամ:

Ապրիլի 3-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ:

Երևանում եւս հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 3-ից 5, վաղը ցերեկը՝ 16-ից 18 աստիճան զրոյից բարձր։