ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տիեզերքում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի երկարաձգմանը մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը, համապատասխան հրամանը հրապարակվել է գերատեսչության կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

1992 թվականին կնքված համաձայնագիրը երկարաձգել են արդեն 4 անգամ: Այս փաստաթուղթը հիմնական իրավական գործիքներից մեկն է, որը պայմաններ է ստեղծում տիեզերքի յուրացման հարցերում ռուս-ամերիկյան համագործակցության համար:

«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տիեզերական տարածությունը հետազոտելու եւ խաղաղ նպատակներով օգտագործելու համագործակցության մասին համաձայնագիրը գործելու է մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն երկարաձգելու մասին առաջարկը ստացել է վարչապետ Միխայիլ Միշուստինի հավանությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ որոշումը նախապես մշակվել է ամերիկյան կողմի հետ, իսկ եկարաձգման ընթացակարգը կավարտվի դիվանագիտական նոտաների փոխանակումից հետո: Ռուսական նոտայի նախագիծը կցված է Միխայիլ Միշուստինի հաստատած հրամանին:

«Համաձայնագրի երկարաձգումը համապատասխանում է երկու կողմերի շահերին եւ կնպաստի համատեղ տիեզերական նախագծերի արդյունավետ իրականացմանը»,- հավելվում է հաղորդագրության մեջ: