Մեր միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ վարչապետը հրաժարական կտա, եւ մենք կգնանք արտահերթ ընտրությունների։ Եվ եթե գնում ենք ընտրությունների, կարծում եմ՝ տրամաբանական չէ այլ գործողություններ իրականացնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով հարցին,  թե հնարավո՞ր է ԼՀԿ–ն վարչապետի թեկնածու առաջադրի, հաշվի առնելով, որ իշխանությունները Ընտրական օրենսգրքում փոփոխություն արեցին, մինչդեռ ԼՀԿ–ն դեմ էր դրան։

«Ընտրական օրենսգրքի շուրջ պայմանավորվածություն չի եղել, միայն ասվել է, որ եթե խորհրդարանում կոնսենսուս չլինի, մենք չենք ընդունի այն։ Միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ վարչապետը պետք է հրաժարական տա եւ ընտրություններ անցկացվեն։ Եվ մենք որեւէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որպեսզի նահանջ լինի այս օրակարգից»,– ասաց Անի Սամսոնյանը։

 Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ  եթե «Իմ քայլը» բերի եւ նոր օրենսգիրքն ընդունի, դրանով իրենց հետ ունեցած բոլոր եղած պայմանավորվածությունները ջուրն են լցնելու.

 «Դրանով նաեւ սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ: Մենք դրանով նոր ճգնաժամ ենք ստեղծելու»,– ասել էր նա։

Ցուցակներ կազմելու աշխատանքներ ԼՀԿ–ն դեռ չի տանում, սպասում են վարչապետի հրաժարականին, ինչից հետո էլ կսկսեն։ ԼՀԿ–ն այս ընտրություններին գնում է իշխանությունը վերցնելու համար։

«Մենք չենք գնում այս ընտրություններին մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու, հետեւաբար մեր բոլոր հնարավորությունները պետք է օգատգործենք։ Այն 47 % չկողմնորաշված մարդիկ, որոնք չգիտեն, թե ում են ընտրելու, հիմա յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջադրանքը պետք է լինի համոզել այդ մարդկանց իրենց ընտրելու։ 2018–ն եւ  2021–ը  տարբեր քաղաքական իրավիճակով տարիներ են։ 2018թ. հեղափոխություն էր եղել, եւ հեղափոխական ուժը պետք է լիներ իշխանություն, մենք այն ժամանակ քաղաքացիներին ասում էինք՝  իշխանությունն արդեն կա, գնացեք ընտրեք ընդդիմությանը, իսկ հիմա իրավիճակը լրիվ այլ է»,–  հավելեց նա։

Պետք է ձեռնպահ մնալ Ընտրական օրենսգրքին ձեռք տալուց. հում ԸՕ-ի ընդունումը նոր ճգնաժամ կառաջացնի. Մարուքյան