Մենք այս ընթացքում ունեցել ենք խորհրդակցություններ մասնագիտացված միջազգային կառույցների հետ եւ իրազեկել ենք մեր անելիքի կապակցությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նրան, որ Ընտրական օրենսգրքում համամասնական ընտրակարգի փոփոխությունն արվել է առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալու:

Նա ընդգծեց, որ երբ կունենան Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական եզրակացությունը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ, դրանից հետո կքննարկեն, թե որ դրույթները կընդունվեն առաջիկա արտահերթ ԱԺ ընտրությունների համար, եւ որ դրույթները կհետաձգվեն հաջորդող ընտրությունների համար. «Դա ԱԺ-ում կքննարկենք, կորոշենք: Այս համատեքստում նաեւ պետք է քննարկել, թե որքանով է իրատեսական, որ այդ փոփոխությունները իրականացվեն ԿԸՀ-ի կողմից, որովհետեւ որեւէ կերպ միտում չունենք բարդացնելու գործընթացը: Եթե  կլինեն դրույթներ, որոնք գործընթացը կհեշտացնան, ավելի կպարզեցնենք դրանք, իսկ եթե ոչ, կթողնենք հետագային»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ն առանձին ընդունել է Ընտրական օրենսգրքի ընտրակարգին վերաբերող փոփոխությունը, անցում է կատարվել փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգին: Մնացած դրույթները դեռեւս ԱԺ քննարկման չեն դրվել: