Ճապոնական Nikon ընկերությունը, որը բարձրորակ տեսախցիկներ եւ այլ օպտիկական սարքավորումներ է արտադրում, այս տարի ամբողջությամբ կդադարեցնի հայելային տեսախցիկների արտադրությունը երկրում եւ վերջապես այն կտեղափոխի Թաիլանդի իր գործարան: Ճապոնիայում կպահպանվի միայն պահեստամասերի եւ փոխարինելի ոսպնյակների արտադրությունը, երեքշաբթի հայտնել է Asahi-ն:

Հաղորդվում է, որ կորպորացիայի որոշումը կապված է հայելային տեսախցիկների պահանջարկի նվազման հետ, առաջին հերթին՝ ավելի ու ավելի որակյալ տեսախցիկներով սմարթֆոնների տարածման պատճառով:

Ըստ պարբերականի՝ ճապոնական թվային ֆոտոխցիկների վաճառքը 2012-ին 1 տրիլիոն 468 միլիարդ իենից (ավելի քան 13.3 միլիարդ դոլար) ընկել է մինչեւ 420 միլիարդ իեն (ավելի քան 3.8 միլիարդ դոլար) 2020 թվականին: Հատկապես ընկել է հայելային տեսախցիկների արտադրությունը, որով հայտնի է Nikon-ը: Արդյունքում, վերջին ֆինանսական տարվա ընթացքում (ավարտվել է մարտի 31-ին) ընկերության վաճառքը կրճատվել է գրեթե 24 տոկոսով, ինչը խնդիր էր դրել ընկերության առջեւ կրճատել ծախսերը, նշում է Asahi-ն:

Ներկայումս Canon-ը թվային ֆոտոխցիկների վաճառքի ցուցանիշով առաջատարն է Ճապոնիայում, որը վերահսկում է շուկայի 36.8 տոկոսը: Երկրորդ տեղում Sony-ն է՝ 19.5 տոկոս: Nikon-ը զբաղեցնում է երրորդ տեղը (շուկայի 12.6 տոկոսը), փոխանցում է ՏԱՍՍ-ը: