Եթե էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ էկոնոմիկան վերականգնվում է, դա չի նշանակում, որ ամբողջությամբ վերականգնվել է. երբ կունենաք նախաճգնաժամային ժամանակի ցուցանիշները, այդ ժամանակ կարող ենք ասել, որ տնտեսությունը վերականգնվել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Բայց որ անկման տեմպը գնալով դանդաղում է, ինչը առաջիկա ամիսներին ավելի տեսանելի կլինի, դա միանշանակ է: Ինչ վերաբերում է նրան, որ ձեւակերպումներում մեկը կարող է ավել լավատեսական լինել, մյուսն ավելի զգուշավոր, դա նորմալ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, եր երկնիշ աճի նպատակ ունի, Թունյանը նկատեց, որ դա ընդամենը նպատակ է եւ լավ է, որ նախարարն իր առջեւ նման նպատակ է դնում:

Անդրադառնալով գնաճին, որը վերջին տվյալներով անցել է 6 տոկոսից, հանձնաժողովի նախագահն ասաց, որ ԿԲ-ի կանխատեսումներով մինչեւ տարեվերջ գնաճը կվերադառնա իր նորմալ թիրախային մակարդակին, այսինքն կլինի 3-5 տոկոսի շրջանակներում. «Կառավարությունն այս պայմաններում ի՞նչ պետք է անի. մի կողմից պետք է հնարավորության սահմաններում խոցելի խմբերին աջակցի, երկրորդը, փորձի այնպես անել, որ տնտեսական աճը արագ վերականգնվի, որովհետեւ պետությունը ապրանքների գների վրա ուղիղ ազդեցություն չունի: Եթե, օրինակ, ներմուծվող որեւէ ապրանք միջազգային շուկայում թանկանում է, որեւէ մեկը վաճառողին չի կարող ստիպել, որ նա ինքնարժեքից ցածր վաճառի կամ վնասով աշխատի: Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ տնտեսությունը հնարավորինս արագ վերականգնվի, ինչը կբերի մարդկանց եկամուտների աճին: Այսինքն եկամուտները գներից վելի արագ պետք է աճեն: Իսկ եթե վերցնենք ուղղակի այս պահին պարտք վերցնելով թոշակ կամ աշխատավարձ բարձրացնենք, դրնով խնդիրը չի լուծվի, որովհետեւ դա իր հերթին ավելի մեծ գնաճի է բերելու»,-ասաց նա: