Այս 44 օրը պատերազմ չէր, սպանդանոց էր. փակված էին բոլոր լրատվամիջոցները, եւ իրենք երիտասարդներին հազարներով գցում էին կրակի տակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք դա ներելո՞ւ ենք: Սա ոչ թե վատ իշխանություն է, որին պետք է փոխել ընտրությունների միջոցով, ձեր սիրտը պետք է ատելությամբ լցվի սրանց նկատմամբ: Իրենք մեր հայրենիքը ոչնչացրեցին: Միակ ճանապարհը՝ ժողովրդով քշել սրանք: Ես ընտրություն չեմ ընդունում: Ինչքան զոռով քշենք այս իշխանություններին, այնքան հարգանք կունենանք ինքներս մեր նկատմամբ:

Հիմա էլ ասում են՝ ճանապարհներ են բացվում: Այսինքն դուք դիտմամբ պարտվեցիք, որ ճանապարհ բացե՞ք: Այդպես է ստացվում: Վատ եք ապրում, ավելի վատ եք ապրելու, այս ճանապարհը տանում է այդտեղ»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանն վստահություն հայտնեց, որ ներկա ընտրությունները բացի վնասից ոչ մի բան Հայաստանին չեն բերելու. «Եթե կտրուկ չփոխենք իրավիճակը, Հայաստանը դանդաղ մահանալու է»:

Վազգեն Մանուկյանի ելույթից հետո հանրհավաքն ավարտվեց: